Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ ԱԺ-ում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել եկեղեցու հարցերով ստեղծված հանձնաժողովի անդամների և Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի միջև։ Տեղեկությունը Factor.am-ի հարցին ի պատասխան հաստատել է հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Նրա փոխանցմամբ՝ այս հանդիպումը ոչ թե հանձնաժողովի փակ նիստ է, այլ աշխատանքային քննարկում։ ՔՊ-ականը հակված չէր հանդիպումից մանրամասներ հայտնել։
«Քննիչ հանձնաժողովին առնչվող հարցեր ենք քննարկել»,- ասաց Արման Եղոյանը և, պատասխանելով հարցին, թե ինչու են Սարոյանի հետ հանդիպել, նշել է, որ այդպես են նպատակահարմար գտել։ Միաժամանակ տեղեկացրել է, որ այլ անձանց հետ ևս նմանատիպ հանդիպումներ նախատեսված են՝ չբացահայտելով անձանց շրջանակը։
Հանձնաժողովի մեկ այլ անդամ ոչ պաշտոնապես Factor.am-ին տեղեկացրել է, որ Սարոյանի հետ հանդիպել են միմյանց ծանոթանալու համար՝ չբացառելով, որ առաջիկա բաց նիստերից մեկում Սարոյանը հանդես կգա որպես հրավիրյալ։ Արման Եղոյանը հրաժարվեց հաստատել այս տեղեկությունը։
Արման Սարոյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան

