RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
Հասարակություն
03.11.2026 | 18:05
«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին ընդգրկվել են «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության՝ 2026 թվականի «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում։ Այն ներառում է 33 անձի և կազմակերպության, որոնք մեղադրվում են լրագրողների և լրատվամիջոցների դեմ ուղղված գործողությունների մեջ։ Իվանիշվիլին ցանկում առաջին անգամ ընդգրկվել էր անցյալ տարի, իսկ Ալիևն այնտեղ է 2010 թվականից, գրում է OC Media-ն։
Ցանկը հրապարակվել է երկուշաբթի՝ ի նշանավորումն լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության վերացման միջազգային օրվա։ Այն բաժանված է հինգ կատեգորիայի՝ քաղաքական, անվտանգության, իրավական, տնտեսական և սոցիալական։
Իվանիշվիլին ընդգրկվել է տնտեսական կատեգորիայում, որտեղ ներառված են այն անձինք և ընկերությունները, որոնք ֆինանսական ճնշում են գործադրում անկախ լրատվամիջոցների վրա, ազդում դրանց ֆինանսավորման վրա և խաթարում խմբագրական անկախությունը։ Ալիևը, մինչդեռ, ընդգրկվել է քաղաքական կատեգորիայում, որն ընդգրկում է այն գործիչներին, որոնք քաղաքական իշխանությունն օգտագործում են տեղեկատվությունը ճնշելու համար։
Իվանիշվիլիին նվիրված հատվածում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նրան բնութագրում է որպես «միլիարդատեր օլիգարխի, նախկին վարչապետի և «Վրացական երազանք» կուսակցության հիմնադրի», որը «շարունակում է մնալ Վրաստանի կառավարության իրական իշխանությունը կրող անձը»։
Կազմակերպության գնահատմամբ՝ նրա բիզնես կայսրությունն ու ազդեցության ցանցը հնարավորություն են տալիս «ամուր վերահսկողություն» սահմանել Վրաստանի մեդիադաշտի նկատմամբ, մասնավորապես՝ իշխանամետ հեռուստաալիքների, այդ թվում՝ Imedi TV-ի և Rustavi 2-ի միջոցով։ RSF-ը նաև նշում է, որ Իվանիշվիլիի ազդեցության ներքո տնտեսական ռեսուրսներն ու պետական կառույցներն օգտագործվում են անկախ լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու համար՝ ֆինանսական ճնշումների, ռեպրեսիվ օրենքների, գրաքննության և իրավական հետապնդումների միջոցով։ Կազմակերպությունն անդրադառնում է նաև այն հանգամանքին, որ անկախ լրագրողները խարանավորման, ահաբեկման և լռեցման են ենթարկվում։
RSF-ը մատնանշում է նաև լրագրողների դեմ հարուցվող իրավական վարույթների և նրանց նկատմամբ կիրառվող պատժամիջոցների թվի աճը, ինչպես նաև խորհրդարանում նրանց հավատարմագրման սահմանափակումները։ RSF-ի 2026 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Վրաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 135-րդ տեղը։
Վրաստանի կառավարությունը մերժել է RSF-ի գնահատականը։ Երեքշաբթի «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանական մեծամասնության ղեկավար Իրակլի Կիրթսխալիան զեկույցն անվանել է «հերթական սպեկուլյացիա»։
«Անհնար է գնահատել Վրաստանի մեդիամիջավայրը՝ անտեսելով այն իրողությունը, որ օբյեկտիվ գնահատականը հստակ ցույց է տալիս՝ Վրաստանն այսօր աշխարհի առաջատար երկրներից մեկն է թե՛ լրատվամիջոցների ազատության, թե՛ ժողովրդավարության առումով»,– հայտարարել է նա ու նշել է, որ Իվանիշվիլիի ընդգրկումը ցանկում այն գինն է, որը «Վրացական երազանքի» պատվավոր նախագահը վճարում է Վրաստանի խաղաղությունը, ազգային շահերն ու ինքնիշխանությունը, իր բնորոշմամբ, «Համաշխարհային պատերազմի կուսակցության» շահերին հանձնելուց հրաժարվելու համար։
RSF-ը Ադրբեջանը՝ Ալիևի իշխանության օրոք բնութագրում է որպես «լրատվական անապատ», որտեղ կառավարության հասցեին քննադատական բոլոր ձայները լռեցվում են, իսկ լրագրողները մշտապես ենթարկվում են հետապնդումների։ Կազմակերպության տվյալներով՝ ներկայումս կալանքի տակ է գտնվում մեդիաոլորտի 27 ներկայացուցիչ։
RSF-ն ընդգծել է մեդիաոլորտի ներկայացուցիչների նկատմամբ կայացվող դատավճիռների խստացումը։ Որպես օրինակ՝ կազմակերպությունը մատնանշել է 2026 թվականի հուլիսին Toplum TV-ի լրագրողների նկատմամբ կայացված դատավճիռները, որոնցով նրանք դատապարտվել են մինչև 14 տարվա ազատազրկման։ RSF-ը նաև անդրադարձել է Ադրբեջանի Մեդիայի և հեռարձակման խորհրդի ստեղծմանը՝ նշելով, որ այդ կառույցի միջոցով պետությունն ավելի է ամրապնդել վերահսկողությունը ողջ մեդիադաշտի նկատմամբ։
Ցանկում ընդգրկվելու պատճառներից է եղել նաև Ադրբեջանի սահմաններից դուրս իրականացվող ճնշումը, այդ թվում՝ արտաքսված լրագրողների և բլոգերների, օրինակ՝ Ֆրանսիայում ապաստանած Մուհամմադ Միրզալիի հասցեին հնչեցվող սպառնալիքները։ RSF-ի 2026 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Ադրբեջանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 171-րդ տեղը։
Ցանկում շարունակում են մնալ նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իսրայելի զինված ուժերը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Նիկարագուայի առաջնորդներ Դանիել Օրտեգան և Ռոսարիո Մուրիլյոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը և այլք։
RSF-ի գլխավոր տնօրեն Տիբո Բրուտենը նշել է, որ ցանկում ընդգրկված են այն անձինք և կազմակերպությունները, որոնք տարվա ընթացքում ցուցաբերել են «լրատվամիջոցներին թիրախավորելու անվիճելի վճռականություն»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

