ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
Հասարակություն
03.11.2026 | 18:35
Հայաստանում այսօրվա՝ նոյեմբերի 3-ի դրությամբ դատապարտյալների և կալանավորների թիվը հունվարի 1-ի համեմատ էականորեն աճել է։ Factor TV-ն այսպիսի եզրահանգման է եկել՝ համեմատելով այսօր խորհրդարանում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հնչեցրած թիվը և տարեսկզբին Քրեակատարողական ծառայության հաշվետվության մեջ ներկայացված տվյալները։
Գալյանն այսօր բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց, որ այս պահի դրությամբ ՀՀ-ում 1718 դատապարտյալ և 1522 կալանավոր կա՝ ընդհանուր անազատության մեջ պահվող 3240 անձ։
«Վերջին 5 տարիների ընթացքում այսպիսի թվային ցուցանիշ չենք ունեցել, ինչը վկայում է այն մասին, որ կալանավորումները փոքր-ինչ նվազել են, և նաև խոսում է մեկ այլ բանի մասին՝ դատական ակտերի կայացման և դրանց ուժի մեջ մտնելու դեպքերը շատացել են»,- դատապարտյալների թիվը կալանավորների թվի հետ համեմատելով՝ ընդգծեց նախարարը։
Ըստ Քրեակատարողական ծառայության ներկայացրած տարեկան հաշվետվության՝ 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ 9 քրեակատարողական հիմնարկներում պահվում էր 2854 անձ՝ 1462 դատապարտյալ և 1392 կալանավոր։ Համեմատելով Գալյանի՝ այսօր հրապարակած թվի հետ, ստացվում է, որ անցնող 11 ամիսների ընթացքում 256 դատապարտյալ և 130 կալանավոր է ավելացել հայաստանյան բանտերում։
Ռոզա Վարդանյան

