Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին
Քաղաքականություն
03.11.2026 | 18:27
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ծրագրում է Սպիտակ տանը կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը: Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն անձամբ կհավաքի Սպիտակ տանը Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին՝ երկու երկրների, որոնք գտնվում են ակտիվ ռազմական հակամարտության մեջ։ Այս իրադարձությունը բացառիկ պահ կդառնա ամերիկյան պատմության մեջ»,– ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Նշվում է, որ Մելանյա Թրամփն իր նախաձեռնությամբ կապ է հաստատել պատերազմող երկու պետությունների միջև և հասել Օլեշկիում և դրան հարակից Խերսոնի շրջանում հրադադարի հաստատմանը։ «Այս ձեռքբերումը ԱՄՆ առաջին տիկնոջ կողմից աննախադեպ դիվանագիտական նախաձեռնություն է»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Հինգշաբթի՝ նոյեմբերի 5-ին, Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդես կգա Օլեշկիում հրադադարի հաստատման վերաբերյալ հայտարարությամբ։
Արդյունքում՝ կողմերը հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը դադարեցրել են ռազմական գործողությունները և համատեղ մարդասիրական առաքելություն իրականացրել։
Le Monde-ի տեղեկություններով, Օլեշկիի խաղաղ բնակիչների տարհանման առաքելությունը նախապատրաստել էին Ռուսաստանի և Ուկրաինայի հետախուզական ծառայությունները, սակայն այն ներկայացվել էր որպես Մելանյա Թրամփի միջնորդության արդյունք։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

