Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
Քաղաքականություն
02.11.2026 | 19:12
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռների դիմաց։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա թիմի հետ մի քանի անգամ քննարկել են նավթավերամշակման գործարաններին հարվածների հարցը, գրում է Current time-ը։
«Մենք ասել ենք, որ չենք կարող չպատասխանել, երբ Ռուսաստանը հարվածում է մեր էներգետիկ ենթակառուցվածքներին, սպանում մեր մարդկանց, թիրախավորում մեր էլեկտրաէներգետիկ համակարգը, գազային ենթակառուցվածքներն ու նավթավերամշակման գործարանները, ընդհանրապես՝ ամեն ինչ։ Մենք հայտարարել ենք՝ եթե ցանկանում եք, որ չհարվածենք ռուսական նավթավերամշակման գործարաններին, ապա նրանք չպետք է հարվածեն մեր էներգետիկ համակարգին»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ մյուս տարբերակը Patriot ՀՕՊ համակարգերի համար նախատեսված հրթիռների տրամադրումն է։
«Մենք գումարը կգտնենք։ Խոսքը միայն օգնության մասին չէ։ Այո, նրանք դրանք կմատակարարեն մեզ, և մենք կվճարենք դրանց դիմաց։ Տրամադրեք մեզ այդ փաթեթը՝ ձմեռային փաթեթը։ Կարող եք տրամադրել մեկ ամսվա համար, ոչ թե երեք։ Եթե ցանկանում եք, որ մենք մեկ ամիս չհարվածենք նրանց նավթավերամշակման գործարաններին, ապա մեկ ամսվա համար ինձ տվեք Patriot հրթիռներ»,- ասել է նա։
Առանց Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռների՝ Ուկրաինան չի կարող խոցել ռուսական բալիստիկ հրթիռները։
2026 թվականի հուլիսին Axios-ին տված հարցազրույցում Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ Դոնալդ Թրամփին խնդրել է արտակարգ կերպով Ուկրաինային տրամադրել Patriot ՀՕՊ համակարգերի հրթիռների «ձմեռային փաթեթ»՝ երկրի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ Ռուսաստանի սպասվող հարձակումները հետ մղելու համար։ Խոսքը 300 հրթիռի մասին էր։
Նրա տվյալներով՝ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ յուրաքանչյուր խոշոր հարձակման ժամանակ կիրառում է 30-40 բալիստիկ հրթիռ, իսկ ամսական նման 3-5 հարձակում է իրականացնում։ Զելենսկիի կարծիքով՝ եթե մինչև ձմեռ չհաջողվի լուծել ՀՕՊ հրթիռների պակասի խնդիրը, Ռուսաստանը կարող է ոչնչացնել Ուկրաինայի էլեկտրակայանները, հումանիտար ճգնաժամ առաջացնել և միլիոնավոր մարդկանց զրկել ջեռուցումից։
Հոկտեմբերի վերջին ԱՄՆ Պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային Patriot համակարգերի համար նախատեսված PAC-3 հրթիռների և հարակից սարքավորումների վաճառքի հնարավոր գործարքին՝ շուրջ 2,1 միլիարդ դոլարի չափով։ Հաղորդվում է, որ այդ գործարքի ֆինանսավորումն ապահովելու են եվրոպական դաշնակիցները։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

