ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
02.11.2026 | 20:00Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է նոր Սահմանադրության ընդունմանը, իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին և Հայաստանի նկատմամբ արտաքին քաղաքական ճնշումներին: Խոսելով նոր Սահմանադրության ընդունման հնարավորության և հանրային ակնկալիքների մասին՝ Նավասարդյանը նշել է.
«Նախևառաջ, ես կսպասեի Սահմանադրության նախագծի հրապարակմանը, որպեսզի կարողանանք դատողություն անել՝ որոնք են իշխանության մտադրությունները և ինչ արձագանք կարելի է սպասել և՛ ընդդիմությունից, և՛ ընդհանրապես հասարակությունից»:
Ըստ վերլուծաբանի՝ ստեղծված իրավիճակում իշխող քաղաքական ուժն ունի գործողությունների երկու տարբերակ. «Առաջինը՝ այնպիսի նախագիծ ներկայացնել, որը բավականին լայն կոնսենսուս կստանա, գոնե ոչ քաղաքականացված շրջանակներից։ Եթե դա տեղի ունենար, ապա ես կարծում եմ՝ կոնսենսուսը իրոք կարող էր լայն լինել, ասենք, փորձագիտական շրջանակներից, քաղաքացիական հասարակությունից կլիներ աջակցություն և ընդդիմության դիմադրությունը ավելի թույլ կլիներ»։
Անդրադառնալով երկրորդ տարբերակին և Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջներին՝ նա հավելել է. «Երկրորդ տարբերակը՝ դա նա է՝ ամեն գնով անցկացնել նախագիծը, քանի որ կա ադրբեջանական պահանջ։ Եվ դա միակ ճանապարհն է դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում և վավերացում։ Եթե դա ընտրվի ևբոլոր միջոցները կկիրառվեն, որ դա տեղի ունենա, ապա կարծում եմ՝ հենց ընդդիմությունը լուրջ փաստարկներ կունենա պնդելով, որ դա այլ պետության, տվյալ դեպքում Ադրբեջանի միջամտությունն է մեր ներքին գործերին… Ինչը ես կարծում եմ, մենք չենք ցանկանա, որպեսզի որևէ երկիր մեր ներքին քաղաքական և հանրային կյանքի կազմակերպման հարցերի մեջ ունենա որոշիչ դեր»։
Բորիս Նավասարդյանը խոսել է նաև հանրաքվեի բովանդակության հնարավոր խեղաթյուրման մասին՝ նախազգուշացնելով, որ գործընթացը կարող է վերածվել պարզապես իշխանության վստահության քվեարկության. «Դա կնշանակի, որ որևէ լուրջ բովանդակային քննարկում և գնահատականներ Սահմանադրության նախագծի՝ արդյո՞ք այն հեռանկարային է պետության զարգացման համար թե ոչ, դա կկորի կամ կմղվի լավագույն դեպքում երկրորդ պլան, և ամեն ինչը կվերածվի այսօրվա իշխանության վստահության հանրաքվեի… Եթե այդպիսի կարգախոսներով գնա իշխանությունը հանրաքվեի, ապա ընդդիմության շանսերը ես կարծում եմ բավականին ցածր կլինեն տապալելու…»։
Դիտարկելով Ռուսաստանի Դաշնության գործոնն ու շահերը Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումներում՝ Նավասարդյանն ընդգծել է. «Արդյո՞ք Ռուսաստանը, իրոք, շահագրգռված է և ունի ազդեցություններ մեր ներքին գործերի վրա։ Այո՛, ակնհայտորեն շահագրգռված է, և կան լուրջ թեմաներ, որոնք Ռուսաստանին հուզում են։ Առաջին հերթին՝ դա Ռուսաստանի ներկայությունն է տարածաշրջանում, և միակ հեռանկարային երկիրը Հայաստանն է՝ կառչելու է։ Ռուսաստանը ջանքեր է գործադրում՝ որքան հնարավոր է Հայաստանի նկատմամբ իր ազդեցությունը պահպանելու։ Եվ դա ենթադրում է որոշակի ուժային ներկայացվածություն։ Հաջորդ թեման էներգետիկան է, և իհարկե՝ հաղորդակցությունները»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

