Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
Քաղաքականություն
02.11.2026 | 17:43
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն ընդունել է Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Շահվերդյանին և խմբի անդամներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։
Իրանում ՀՀ դեսպանության հաղորդագրությունը՝ ստորև․
Դեսպան Գրիգոր Հակոբյանը ՀՀ դեսպանությունում ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Շահվերդյանին և անդամներ Գեղարդ Մանսուրյանին, Սեյեդ Մոհամմադ Սաադաթ Էբրահիմիին և Սեյեդ Մոհամմադ Ջամալիանին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իրանի օրենսդիր մարմինների փոխգործակցությանը, գործող բարեկամության խմբերի միջև շփումներն առավել ակտիվացնելու քայլերին:
Դեսպան Գրիգոր Հակոբյանն ԻԻՀ պատգամավորներին է ներկայացրել Իրանի հետ երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, ընդգծել փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում հարաբերություններն առավել խորացնելու պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակմանը, որի համատեքստում ՀՀ դեսպանը զրուցակիցներին է ներկայացրել ԹՐԻՓՓ ուղու շուրջ ձեռք բերված վերջին պայմանավորվածություններն ու հիմնական սկզբունքները:

