Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը․ այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազգային ժողովում ունեցած ելույթում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը քննադատեց գործող իշխանությունների տնտեսական քաղաքականությունը, բիզնես միջավայրում ստեղծված իրավիճակը և, իր գնահատմամբ, քաղաքական դրդապատճառներով իրականացվող ճնշումները։
Խոսելով մրցակցային միջավայրի և ներդրումների մասին՝ Ղազարյանն ասաց․ «Ինձ համար ցավալի է ապրել մի երկրում, որտեղ վերջին ութ տարում ոչ մի վերազգային կորպորացիա ներդրումներ չի անում․ անգամ խոշոր բրենդային հյուրանոցները դուրս են գալիս Հայաստանի շուկայից»։
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի շուրջ զարգացումներին՝ Ղազարյանը պնդեց, որ նրա նկատմամբ իրականացվող քայլերը քաղաքական ենթատեքստ ունեն․ «Երբ որ Սամվել Կարապետյանը եկեղեցին, պետությունը պաշտպանելու երկու կախարդական բառ է ասում՝ «մեր ձևով», դրանից անմիջապես հետո ոչ միայն սկսում է ՀԷՑ-ը նրանից խլելու գործընթացը, այլ անգամ անցնում են «Տաշիր Պիցցայի» ստուգումներին»։
Ղազարյանը խոսեց նաև Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նախկինում իրականացված գործընթացների մասին՝ դրանք ևս ներկայացնելով որպես քաղաքական հետապնդման դրսևորումներ․ «Նիկոլ Փաշինյանը քաղաքական հետապնդումներ է սկսել նրա նկատմամբ, որպեսզի այստեղ հինգ պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից չլինի, որպեսզի այս խորհրդարանում երեք հինգերորդ վերահսկողություն չունենան»։
Ելույթի ավարտին Ղազարյանն ասաց, որ պետական կառավարման համակարգում առանցքային դեր պետք է ունենա ընդդիմությունը։
«Պետական մարմիններում, երբ որ ամենակարևորը՝ Կառավարությունում պետք է գլխավոր տեղը պատկանի ընդդիմությանը, և այդ տեղը պատկանում է Սամվել Կարապետյանին»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

