«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
29.10.2026 | 10:44Ազգային ժողովի լիագումար նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի ելույթը վերածվեց բանավեճի, ինչի հետևանքով նիստը նախագահողը նախազգուշացում հայտարարեց երեք պատգամավորների։
Անդրադառնալով նախկինում համակարգային կոռուպցիայի առկայության մասին քննարկումներին՝ Գրիգորյանը նշեց, որ իր համար հիմք են քաղաքացիների վկայություններն ու գնահատականները։
«Իմ համար հեղինակությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, և Հայաստանի Հանրապետության քաղաքացու ասածն է իմ համար հիմք, և համակարգային կոռուպցիան թե ոնց է եղել, դա պատմում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»,- ասաց նա։
Խոսելով ընդդիմադիր պատգամավորների ընտանիքի անդամների մասին՝ Գրիգորյանը պնդեց, որ իր քննադատությունը վերաբերում է նրանց միայն այն դեպքում, երբ նրանք քաղաքական գործունեություն են ծավալել։
«Եթե խոսել եմ պարոն Կարեն Կարապետյանից, որը Ձեր հայրն է, ես չեմ խոսել որպես Ձեր հայր, այլ խոսել եմ որպես քաղաքական գործիչ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ քննադատությունը կապում է նրա և նրա թիմի գործունեության տարիների հետ։
Գրիգորյանը նաև հայտարարեց, որ իրեն թույլ չի տա անդրադառնալ ընդդիմադիրների կանանց կամ երեխաներին՝ միաժամանակ պնդելով, որ իր սեփական երեխան նախկինում թիրախավորվել է առցանց հարթակներում։
«Եղել են ֆեյք սայթեր, որոնք Ձեր խմբակցության պատգամավորի ասելուց հետո թիրախավորել են, օրինակ, իմ երեխային։ Բայց ես, զուսպ մնալով, հետևելով պարոն Ռուբինյանի ասածին, բարեկրթության սահմաններում փորձում ենք հետ մոռացության տալ»,- նշեց նա։
Ելույթի ընթացքում դահլիճից հնչող արձագանքների պատճառով իրավիճակը լարվեց։ Գրիգորյանը կոչ արեց իրեն չընդհատել և շարունակեց խոսքը բարձր տոնով․ «Կգոռամ՝ ոնց հարմար ա»։
Իրավիճակին միջամտեց նիստը նախագահողը, որը ելույթը խանգարելու համար նախազգուշացում հայտարարեց պատգամավորներ Նարեկ Կարապետյանին, Տիգրան Աբրահամյանին և Մամիկոն Ասլանյանին։
Ելույթի ժամանակը վերականգնելուց հետո Գրիգորյանն անդրադարձավ նաև Հայաստանում քաղաքական հետապնդումների վերաբերյալ ընդդիմության հայտարարություններին։
«Եթե չլինեն գողություն, ընտրակաշառք բաժանել, ընտրախախտումներ և պետությունից գումար գողանալ, որևիցե մեկին, իմ կարծիքով, քաղաքական հետապնդման չեն ենթարկի։ Եվ իմ կարծիքն այսպիսին է, որ Հայաստանի Հանրապետությունում չկան քաղբանտարկյալներ»,- հայտարարեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

