«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
Հասարակություն
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկ» մականվամբ հայտնի Ա.Բ.-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու համար։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 2026 թվականի օգոստոսի 1-ին նա «Լամբորջինի» մակնիշի ավտոմեքենայով այցելել է անվադողերի վերանորոգման կետ, պահանջել արտահերթ սպասարկել իրեն՝ հակառակ դեպքում սպառնալով վնասել աշխատակցի առողջությանը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են գրավը և բացակայելու արգելքը։ Նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար։
ՔԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են «Նորատուսցի Ալիկ» մականվամբ հայտնի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի նկատմամբ հոգեբանական ներգործություն կատարելու դեպքի հանգամանքները։
Մասնավորապես, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «Նորատուսցի Ալիկ» մականվամբ հայտնի Ա.Բ.-ն, 2026 թվականի օգոստոսի 1-ին իր վարած, «Լամբորջինի» մակնիշի սպորտային ավտոմեքենայով՝ մեկ այլ ավտոմեքենայի ուղեկցությամբ, գնացել է անվադողերի վերանորոգման կետ, որտեղ անտեսելով տվյալ պահին աշխատակցի կողմից այլ հաճախորդի սպասարկելու հանգամանքը, խուլիգանական դրդումներով՝ անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել և պահանջել արտահերթ սպասարկել իրեն, հակառակ դեպքում՝ սպառնալով աշխատակցի առողջությանը պատճառել վնաս։
Նախաքննության ընթացքում, հսկող դատախազի որոշմամբ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ա.Բ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (հոգեկան ներգործությունը` խուլիգանական դրդումներով):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը և բացակայելու արգելքը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար»։

