Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Հասարակություն
28.10.2026 | 16:00
ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում արգելադրվել են շուրջ 8 անշարժ և 1020 շարժական գույքեր, ինչպես նաև 156,5 մլն դրամի դրամական պահանջի իրավունքներ։ Այս մասին հայտնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը՝ հաղորդագրությունում չհրապարակելով Բաղդասարյանի անունը։
Արգելադրված գույքերի թվում են «Ֆելինգեր» ընկերությանը պատկանող՝ Երևանի Աբովյան փողոցի հյուրանոցային, առողջարանային և հյուրընկալության համալիրը, ինչպես նաև «Սքայվյու» ընկերության՝ Հերացու փողոցում գտնվող կիսակառույց բազմաբնակարան շենքը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գործով փոխկապակցված ընկերությունների բաժնեմասերի տնօրինման նկատմամբ։
ՀԿԱԾ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
«ՀԿԱԾ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում արգելանք է կիրառվել պարտապան Ա․Բ․-ին և նրա հետ փոխկապակցված 7 անձանց պատկանող շուրջ 8 անշարժ, 1020 շարժական գույքերի, տրանսպորտային միջոցի, ինչպես նաև տարբեր ընկերությունների նկատմամբ ունեցած ընդհանուր 156,545,000 ՀՀ դրամ գումարի չափով դրամական պահանջի իրավունքի նկատմամբ։
Արգելվել է նաև պարտապանի հետ փոխկապակցված 3 իրավաբանական ընկերությունների համապատասխանաբար 100% և 1 իրավաբանական ընկերության 5% բաժնեմասերի տնօրինման հետ կապված որևիցե գործողության կատարումը։
Պարտապանին պարտավորվեցվել է չկատարել նաև որևէ գործողություն հայտնաբերված և արգելադրված գույքերի ապօրինի տնօրինման ուղղությամբ։ Կատարողական գործողությունների շրջանակում բաժնի աշխատակիցների կողմից զննվել և հանձնվել է պահատվության
Ա․Բ․-ի հետ փոխկապակցված իրավաբանական անձ «ՖԵԼԻՆԳԵՐ» ՍՊԸ-ին պատկանող շինությունը՝ Աբովյան փողոցի հյուրանոցային, առողջարանային և հյուրընկալության համալիրը՝ արգելելով պարտապանին կատարել որևէ գործողություն՝ կապված ընկերության անշարժ և շարժական գույքերի տնօրինման հետ։
Զննվել և պահատվության է հանձնվել նաև Ա․Բ․-ի հետ փոխկապակցված իրավաբանական անձ «ՍՔԱՅՎՅՈՒ» ՍՊԸ-ի՝ Հերացու փողոցում գտնվող կիսակառույց բազմաբնակարան շենքը՝ արգելելով պարտապանին կատարել որևէ գործողություն՝ կապված ընկերությանը պատկանող անշարժ և շարժականգույքերի տնօրինման հետ»։





