Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Քաղաքականություն
27.10.2026 | 22:55
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 27-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։
Գերատեսչության հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում Էրդողանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է ունենա անհրաժեշտ տեսլականն ու փորձը՝ կազմակերպության՝ բազմակողմ համագործակցության կենտրոնի դերը վերականգնելու և անհրաժեշտ բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու համար։
ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի լիազորությունների ժամկետն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։
Էրդողանը նաև Մակրոնին հրավիրել է մասնակցելու ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխության հարցերով COP31 համաժողովի շրջանակում Թուրքիայում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին։
Իր հերթին, Մակրոնը շնորհավորել է Էրդողանին հոկտեմբերի 29-ին նշվող Թուրքիայի Հանրապետության օրվա կապակցությամբ։

