Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
Քաղաքականություն
27.10.2026 | 14:11
ՌԴ Բրյանսկի մարզի նահանգապետ Եգոր Կովալչուկը հայտնել է, որ հոկտեմբերի լույս 27-ի գիշերը ուկրաինական հարձակման հետևանքով Բրյանսկում մեկ մարդ զոհվել է, ևս վեցը՝ վիրավորվել, գրում է Current time-ը։
«Բեժիցկի շրջանում տղամարդ է զոհվել՝ պայթուցիկ նյութ պարունակող խողովակի վրա պայթելու հետևանքով, որն անօդաչու թռչող սարքից էր նետվել։ Դեպքի վայրում աշխատում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության սակրավորները։ Ելեցկի նրբանցքում և Կոմսոմոլսկայա փողոցում երթևեկությունը փակվել է»,- հայտնել էնա։
Ավելի ուշ Կովալչուկը հայտնել է Բեժիցկի շրջանում ևս մեկ զոհի մասին։ 67-ամյա տղամարդը մահացել է պայթուցիկ սարքերի նետման հետևանքով։ Սովետսկի շրջանում, նախնական տվյալներով, վեց մարդ վիրավորվել է։ Ռոմաշինայի և Լյուբեզնովոյի փողոցներում վնասվել են երեք բազմաբնակարան շենք և 11 ավտոմեքենա։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Նովգորոդի, Տվերի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Կալուգայի, Օրյոլի, Տուլայի, Վորոնեժի, Սմոլենսկի և Ռոստովի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, բռնակցված Ղրիմի տարածքների, ինչպես նաև Սև ծովի ջրային տարածքի վրա խոցվել է ուկրաինական 222 անօդաչու թռչող սարք։
Եգոր Կովալչուկի տվյալներով՝ մարզի երկնքում խոցվել է ինքնաթիռային տիպի 44 անօդաչու թռչող սարք։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

