Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
Քաղաքականություն
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» թևավոր հրթիռները, հայտնում է է Financial Times-ը՝ հղում անելով ծրագրին ծանոթ աղբյուրներին, փոխանցում է Current time-ը։
Աղբյուրների խոսքով՝ առաջիկա շաբաթներին Գերմանիայի իշխանությունները նախատեսում են ավարտել այս տեսակի հրթիռների առաջին խմբաքանակի գնման գործարքը։ 2027 թվականի սկզբին զինվորականները տեխնիկական փորձարկումներ կանցկացնեն։ Եթե արդյունքները բավարար լինեն, դա կարող է հիմք դառնալ մի քանի հարյուր հրթիռի ավելի մեծ պատվերի համար։
Ուկրաինացի մշակողները հայտնել էին, որ հրթիռի ստեղծման աշխատանքները սկսել են 2023 թվականին։ «Բարս»-ը դասակարգվում է որպես անօդաչու թռչող սարք, սակայն, ըստ մշակողների, իրականում այն հրթիռ է։ Ժամանակի ընթացքում «Բարս»-ը փոփոխությունների է ենթարկվել։ Ներկայում դրա մարտական մասի քաշը կազմում է գրեթե 60 կգ, թռիչքի հեռահարությունը կարող է հասնել 1000 կիլոմետրի, իսկ արագությունը՝ գերազանցել 700 կմ/ժ-ը։
Արտադրության բոլոր փուլերում կիրառվում են արհեստական բանականության տեխնոլոգիաներ՝ սկսած մշակումից և ինժեներական խնդիրների լուծումից մինչև թիրախին ուղղորդման համակարգերում մեքենայական տեսողության ներդրումը։ «Բարս»-ն օգտագործվում է նաև ռուսական օդային թիրախները որսալու համար։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ խոցման արդյունավետությունը կազմում է շուրջ 30 տոկոս։ Այս գնահատականն անկախ աղբյուրների կողմից հաստատված չէ։
Ուկրաինայում BBC-ի աղբյուրը հայտնել է, որ «Բարս»-ը մշակում է ոչ թե պետական, այլ մասնավոր ընկերություն։ Վերջերս Գերմանիայում համատեղ ձեռնարկություն է ստեղծվել։ Financial Times-ի տվյալներով՝ այս ձեռնարկության գործունեությունը, որը հիմնադրվել է «Build with Ukraine» ծրագրի շրջանակում և ֆինանսավորվում է Գերմանիայի կողմից, «պատված է գաղտնիության շղարշով»։
Ծրագրի սկզբնական նպատակն էր Ուկրաինայի համար զենք արտադրել երկրի սահմաններից դուրս՝ մեծացնելով արտադրական հզորությունները, նվազեցնելով ռուսական հարձակումների վտանգը և նպաստելով փորձի փոխանակմանը։ Ավելի երկարաժամկետ նպատակն էր՝ ուկրաինական արտադրողների համար բացել ՆԱՏՕ-ի շուկաները։ Հրթիռների առաջին խմբաքանակն Ուկրաինա է մատակարարվել 2026 թվականի հոկտեմբերին։ Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պետք է ստանա այդ տեսակի 2000 հրթիռ։
Այժմ համատեղ ձեռնարկությունը նախատեսում է հրթիռներ արտադրել նաև Գերմանիայի համար։ Ըստ պարբերականի՝ սա Ուկրաինայում մշակված հարձակողական սպառազինության գնման առաջին հայտնի դեպքը կլինի։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

