Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
Կիրակի կեսօրին հազարավոր մարդիկ հավաքվել են Պրահայի Հին քաղաքի հրապարակում՝ բողոքելու հեռուստատեսության և ռադիոյի լիցենզավորման վճարները վերացնելու և Չեխիայի հեռուստատեսության (ČT) ու Չեխիայի ռադիոյի (ČRo) ֆինանսավորումը պետական բյուջեից իրականացնելու ծրագրերի դեմ, գրում են տեղական լրատվամիջոցները։
«Ձեռքներդ հեռու լրատվամիջոցներից» խորագրով ցույցը կազմակերպել է «Միլիոն պահեր հանուն ժողովրդավարության» ասոցիացիան։ Շաբաթ օրը Բռնոյի կենտրոնում շուրջ 4,000 մարդ է հավաքվել՝ իրենց աջակցությունը հայտնելու հանրային հեռարձակողներին։
Պատգամավորների պալատում տեղի ունեցող զարգացումներին ի պատասխան՝ Չեխիայի հեռուստատեսության և ռադիոյի աշխատակիցները նոյեմբերի 3-ին հայտարարել են մեկօրյա գործադուլ անցկացնելու մասին։
Ընդդիմությունն առաջարկվող փոփոխությունները բնութագրել է որպես երկու հանրային հեռարձակողների նկատմամբ պետական վերահսկողություն հաստատելու փորձ և նախազգուշացրել, որ դրանք սպառնում են լրատվամիջոցների անկախությանը։
Ընդդիմությունը մտադիր է վիճարկել Սահմանադրական դատարանում ու Եվրահանձնաժողովում այն ընթացակարգը, որով իշխող կոալիցիան օրինագիծն անցկացրել է խորհրդարանի ստորին պալատի առաջին ընթերցմամբ։
Չեխիայի նախագահ Պետր Պավելը հայտարարել է, որ օրինագծի անսպասելի ընդգրկումն օրակարգում և հանգստյան օրերին՝ գիշերվա ընթացքում անցկացված քվեարկությունը խաթարել են կառավարության բարի մտադրությունների նկատմամբ վստահությունը և լուրջ կասկածներ առաջացրել նախաձեռնության հեղինակների շարժառիթների վերաբերյալ։ Ի տարբերություն նրա՝ երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշն ընդդիմությանը մեղադրել է Չեխիայում լարվածությունը սրելու նպատակով այս հարցն օգտագործելու մեջ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

