Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը չորրորդ տեղն է գրավել Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ավարտված աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում, հաղորդում է ՀՄՖ մամուլի ծառայությունը:
Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնալ 4 մարզիկով ու նվաճել էր 2 ոսկե ու 2 բրոնզե մեդալ: Համլետ Մանուկյանը դարձել էր նժույգ թափերի վարժությունում Հայաստանի պատմության մեջ առաջին աշխարհի չեմպիոնը, իսկ Մամիկոն Խաչատրյանն արժանացել էր բրոնզե մեդալի: Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը երկրորդ անգամ աշխարհի չեմպիոն էր հռչակվել հենացատկի վարժությունում, իսկ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում:
«Այս արդյունքն առավել տպավորիչ է, եթե հաշվի առնենք մի կարևոր հանգամանք․ աշխարհի առաջնությանը մասնակից մյուս երկրների պատվիրակություններում ներկայացված էին և՛ տղամարդիկ, և՛ կանայք, մինչդեռ Հայաստանը ներկայացնում էին միայն տղամարդ մարզիկները։
4 մասնակից, 4 մեդալ՝ 100 տոկոս մեդալային արդյունավետություն։ Երկու ոսկի և երկու բրոնզ՝ ապացույց, որ հայկական մարմնամարզությունն ունի բարձրակարգ մարզիկներ, ովքեր կարող են մրցել աշխարհի ուժեղագույնների հետ և հաղթանակներ պարգևել Հայաստանին։
Հպարտանում ենք մեր տղաներով։ Նրանք կերտում են հայկական մարմնամարզության պատմությունը»,- նշված է ՀՄՖ-ի հաղորդագրության մեջ:
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը հայրենիք կվերադառնա հոկտեմբերի 27-ին՝ ժամը 04:05-ին, Վարշավա – Երևան չվերթով:

