Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
26.10.2026 | 10:36Երևանի քաղաքապետարանի հաջորդ մրցույթը պետք է հայտարարվի բացառապես էլեկտրական ավտոբուսների ձեռքբերման նպատակով, իսկ հին «Հայգեր» (Higer) մակնիշի ավտոբուսները պետք է փոխարինվեն։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Մինչ այդ, քաղաքապետարանի տրանսպորտի ոլորտի պատասխանատու Բեգլար Կիրակոսյանը զեկուցեց, որ երկշաբաթյա ժամանակահատվածում մայրաքաղաքի 76 երթուղիներում սպասարկել է 8,773 միավոր շարժակազմ: Նա նաև նշեց, որ առկա է 64 անսարք ավտոբուս, որոնցից 24-ը՝ հենց «Հայգեր» (Higer) մակնիշի 103 միավորից: Անսարք են նաև 3 «MAN», 25 «ZhongTong» և 12 փոքր դասի ավտոբուսներ։
Անդրադառնալով շարժակազմի թարմացմանը՝ Տիգրան Ավինյանը հանձնարարեց տրանսպորտի վարչությանը նոր մրցույթը նախապատրաստել էլեկտրական ավտոբուսների համար։
«Հաջորդ փուլով մենք ունենք «Հայգեր» մակնիշի ավտոբուսների փոխարինման հատվածը։ Կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ մենք անցնենք ամբողջապես էլեկտրական ավտոբուսներին։ Սա նշանակում է, որ մեր տրանսպորտի վարչությունը պետք է հաջորդ մրցույթը հայտարարի բացառապես էլեկտրական ավտոբուսների գնման վերաբերյալ»,- նշեց քաղաքապետը։
Ավինյանը նաև կարևորեց առանձնացված ավտոբուսային գծերի ցանցի ընդլայնումը՝ ընդգծելով, որ վերլուծությունների համաձայն՝ առանձնացված գծով երթևեկող 15 ավտոբուսն ավելի արդյունավետ և արագ է աշխատում, քան ընդհանուր խցանումների հոսքում գտնվող 25-ը։
Քաղաքապետը հանձնարարեց առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ներկայացնել հստակ ժամանակացույց՝ մի քանի երթուղիներում առանձնացված ավտոբուսային և հեծանվային գծերի ներդրման, տեսախցիկների տեղադրման, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ փողոցների վերակառուցման ու ավտոբուսային գծերը դեպի կենտրոն տեղափոխելու վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

