Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
Քաղաքականություն
24.10.2026 | 13:23
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հայտնում է, որ Արթիկի համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանն ու մի շարք թիմակիցներ այսօր առավոտյան բերման են ենթարկվել ուժային մարմինների կողմից։ Թանդիլյանը տեղի ունեցածը որակել է որպես քաղաքական բռնաճնշում։
«Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ այսօր առավոտյան բերման են ենթարկվել ուժային մարմինների կողմից։
Սա իշխանությունների կողմից մեր թիմի նկատմամբ հերթական ապօրինի բռնաճնշումն է, որի նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում։
Մենք վճռական ենք մեր պայքարում՝ հանուն ժողովրդավարության և երկրում օրինական իշխանությունների հաստատման գործում»,- գրել է Թանդիլյանը։
Հիշեցնենք, որ Արթիկ խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակված են վաղը՝ հոկտեմբերի 25-ին։ Մասնակցում է չորս քաղաքական ուժ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, «Ազատ դեմոկրատներինը»՝ Արթիկի նախկին համայնքապետ Մխիթար Վարագյանը, «Ապրելու երկիրը» ներկայացնում է Արթուր Աստոյանը, իսկ «Հայրենիք» կուսակցության ցուցակը գլխավորում է Լևոն Վահրադյանը։

