Փաշինյանը 2 տարի ունի․ կա՛մ ընդդիմությանը կհամոզի, կա՛մ նոր ընտրություններ կլինեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան հյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 20:15
Փաշինյանը 2 տարի ունի․ կա՛մ ընդդիմությանը կհամոզի, կա՛մ նոր ընտրություններ կլինեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 20:09
Ֆրանսիայում հաստատվել է անասունների շրջանում տարածված Շամոնդա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը․ վարակվածը մահացել է
22.10.2026 | 20:00
Դե «կրակեք ձեր ոտքին», ինչ է՝ ՌԴ-ն թերացավ անվտանգային պարտականություններում․ Փաշինյանն էր ՀԱՊԿ-ի նախագահողը․ Խոսրով Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 19:47
Ընտրություն՝ առանց այլընտրանքի․ ինչ է լինում, երբ մեկ ուժ է մասնակցում ՏԻՄ ընտրություններին
22.10.2026 | 19:34
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «ԱԶ Ալկմարի» դեմ խաղում
22.10.2026 | 19:18
Վրաստանում լրագրող է ձերբակալվել հայրենիքի դավաճանության մեղադրանքով՝ Դավիթ Գարեջիի հետ կապված Կոբախիձեի և Ալիևի միջև «գաղտնի գործարքի» լուրերի համար
22.10.2026 | 19:04
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցության հարցեր
22.10.2026 | 18:47
Կառավարությունը 148,5 մլն դրամ է հատկացրել 2 հայկական միջնադարյան ձեռագիր ձեռք բերելու համար
Բոլորը

Խաղաղության պայմանագիրը, հավանական է, կստորագրվի 2027-2028 թվականներին։ Նիկոլ Փաշինյանն այսօր առաջին անգամ հայտարարեց Ադրբեջանի հետ համաձայնագրի ստորագրման հնարավոր ժամկետները։ 

Պաշտոնական Բաքուն  Ալիևի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների բերանով մեկ անգամ չէ, որ նախապայման է առաջ քաշում՝ պայմանագիրը չի ստորագրվի, քանի դեռ Հայաստանը չի փոխել Սահմանադրությունը։ Ադրբեջանի համար անընդունելի է Մայր օրենքում Անկախության հռչակագրին հղումը, որտեղ հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի մասին։ 

«Չկա բանակցային գործընթացում Ադրբեջանի պահանջ՝ դրված Հայաստանի առջև՝ փոխել Սահմանադրությունը։ Ադրբեջանը ոչ թե այս պահանջն է դնում, այլ հրապարակային ասում է․ «Մենք չենք ստորագրի, քանի դեռ Հայաստանը չի փոխել Սահմանադրությունը»։ «Նախապայման»-ը «պահանջ» բառից էականորեն տարբեր է»,- երեկ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

Եթե հաշվի առնենք պայմանագրի ստորագրման՝ Փաշինյանի մատնանշած ժամկետը՝ ստացվում է, որ Սահմանադրությունը Հայաստանում պետք է փոխվի ամենաուշը 2028 թվականին։ Իսկ ինչպե՞ս է սահմանադրական մեծամասնություն չունեցող ՔՊ-ն Ազգային ժողովում կարողանալու անցկացնել նոր Սահմանադրության նախագիծը։

«Մենք կփորձենք ընդդիմության մեր գործընկերներին համոզել, որ սա շատ կարևոր և սկզբունքային հարց է, սա Հայաստանի պետության հարատևությունը որոշելու և լուծելու հարց է, կփորձենք համոզել: Չստացվեց, ուրեմն կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել, իսկ ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդարանը Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումը պետք է ընդունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ձայներով։ 105 պատգամավորից բաղկացած Ազգային ժողովում դա նախատեսում է առնվազն 70 ձայն։ ՔՊ-ն ունի 64 պատգամավոր, այսինքն՝ ևս 6 պատգամավորի կողմ ձայն է անհրաժեշտ: Կհամոզվի՞ ընդդիմությունը։

«Չէ, դրա մասին բազմաթիվ անգամներ ասել ենք, անհույս ակնկալիքներ ունի Փաշինյանն ընդդիմությունից։ Բացառվում է դա, բայց մի կարևոր բան այսօրվա հայտարարությունից՝ Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ ինքը պարտվել է խորհրդարանական ընտրություններում։ Պարտվել է, որովհետև գլխավոր իր նպատակը սահմանադրական մեծամասնություն ունենալն էր, որը չի հաջողել»,- ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Միլիարդատեր Սամվել Կարապետյանի կուսակցությունը ևս կտրուկ է այս հարցում․ խմբակցության քարտուղարն ասում է՝ իրենց համոզել չի ստացվելու։

«Սահմանադրության փոփոխությունն Ադրբեջանի պահանջով է, որովհետև իշխանությունների գործողությունները վկայում են դրա մասին։ Սահմանադրությունը փոխելու պատճառը Ալիևի պահանջներն են, բայց իրենց գործողություններով, թե սա համընկել է կոնկրետ նաև Ադրբեջանի նախագահի կողմից հնչված պահանջներին․․․Սա հերթական զիջումն է Ադրբեջանին»,- նշում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ուժեղ Հայաստան»-ը խորհրդարանի ամենանամեծ ընդդիմադիր խմբակցությունն է, ունի 29 պատգամավոր։ Արդյո՞ք վստահություն կա բոլոր կուսակիցների նկատմամբ, որ նրանցից 6-ին ՔՊ-ն չի կարողանա համոզել։  

«Մենք վստահ ենք, և մեր խմբակցության դիրքորոշումը միաձայն, կարող եմ ասել, այնպիսին է, որ մենք դեմ ենք Սահմանադրությունն Իլհամ Ալիևի պահանջով փոխելուն։ Ընդհանուր այդ անվերջանալի զիջումների քաղաքականությունը, որն այսօր գործող իշխանությունները տանում են, պետք է ավարտվի»,- ասում է Աբրահամյանը։

Եթե ԱԺ ընդդիմության դիրքորոշումը մնա անփոփոխ նաև առաջիկայում, մնում է Փաշինյանի մատնանշած երկրորդ տարբերակը՝ արտահերթ ընտրություններ, սակայն այս դեպքում հարց է առաջանում՝ ՔՊ-ին կհաջողվի՞ Սահմանադրական մեծամասնություն ստանալ։ 

«Ազնիվ ընտրությունների դեպքում՝ ո՛չ, ազնիվ ընտրությունների դեպքում ինքն այս անգամ էլ այսքան ձայն չէր հավաքի, ընտրությունները խայտառակ ձևով կեղծվել են։ Այսքան մարդկանց ձերբակալում է, կալանավորում, քրեական հետապնդում է սկսում, որպեսզի դաշտն ընդդիմությունից մաքրի, անխոչընդոտ ինչ-որ ձայներ հավաքի։ Բայց ես հույս ունեմ, որ ժողովուրդը, ինչպես նախորդ անգամ, իրեն մեծամասնություն չի տա»,- նշում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ այս պահին հավանական են համարում իրենց մասնակցությունն արտահերթ ընտրություններին։ Իսկ արդյո՞ք դրանք տեղի կունենան․ այս հարցն օդում կախված կմնա դեռ երկար ժամանակ։ Մինչ այդ, մինչև տարեվերջ պետք է հրապարակվի նոր Սահմանադրության տեքստը, որին կհաջորդեն հանրային քննարկումները, ապա այն կներկայացվի Ազգային ժողով և կդրվի քվերակության։ Եթե նախագիծն ընդունվի, հանրաքվե կանցկացվի, ընտրությունն արդեն ժողովրդինը կլինի։ Փաշինյանն այսօր հրապարակային հայտարարեց՝ եթե պարզվի՝ ժողովուրդը չի սատարում այս մոտեցմանը, ապա իր քաղաքական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում կհամարի սպառված:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան