Ֆրանսիայում հաստատվել է անասունների շրջանում տարածված Շամոնդա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը․ վարակվածը մահացել է
Քաղաքականություն
22.10.2026 | 20:09
Ֆրանսիայի առողջապահական ոլորտի պատասխանատուները հինգշաբթի հաստատել են, որ Շամոնդա վիրուս է հայտնաբերվել մարդու մոտ։ Նա մահացել է այս ամսվա սկզբին։ Հաղորդվում է, որ սա առաջին դեպքն է, երբ անասունների շրջանում տարածված այս հիվանդությունը հայտնաբերվել է մարդու մոտ, գրում է DW-ն։
«Չնայած Շամոնդա վիրուսը մի քանի տասնամյակ շրջանառվում է Աֆրիկայում և Ասիայում՝ նախկինում այն երբեք չի հայտնաբերվել մարդկանց մոտ։ Այս պահին հանրության համար առողջապահական որևէ վտանգ չի հայտնաբերվել», -նշել են նախարարությունները՝ հավելելով, որ մարդու վարակումը, ըստ երևույթին, «բացառիկ դեպք է՝ կապված խիստ իմունային անբավարարություն ունեցող հիվանդի հետ»,- ասվում է Ֆրանսիայի առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների համատեղ հայտարարության մեջ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ վիրուսի տարածումը քիչ հավանական է։
«Հաշվի առնելով առկա տեղեկությունները և մերձավոր ազգակից վիրուսների փոխանցման վերաբերյալ գիտելիքները՝ սա մարդկանց վարակման մեկուսացված դեպք է, և այս պահին քիչ հավանական է, որ այն հանգեցնի ավելի լայն տարածման»,- Reuters-ին հայտնել է ԱՀԿ-ն։
Շամոնդա վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է Նիգերիայում՝ 1960-ականների կեսերին։ Միջատների միջոցով փոխանցվող այս վիրուսը պատկանում է Orthobunyavirus-ին, որն ընդգրկում է 138 տեսակ։ Այն հիմնականում ախտահարում է անասնաբուծական կենդանիներին, հատկապես՝ խոշոր եղջերավոր անասուններին։
Վիրուսը փոխանցվում է Culicoides ցեղի մանր կծող միջատների միջոցով։ Տարիներ շարունակ վիրուսը հայտնաբերվել է Աֆրիկայի և Ճապոնիայի կենդանիների շրջանում, իսկ այս տարի այն տարածվում է նաև Եվրոպայում։ Մինչ այժմ համարվում էր, որ վիրուսը չի փոխանցվում մարդկանց։
Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարության կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ «հետաքննության այս փուլում ենթադրվում է, որ վարակման դեպքը տեղի է ունեցել միջատի խայթոցի միջոցով՝ վեկտորային փոխանցման հետևանքով, Ֆրանսիայի արևելքում՝ մի տարածաշրջանում, որտեղ 2026 թվականի գարնանն ու ամռանը կենդանիների շրջանում վիրուսի շրջանառության մասին հաղորդվել էր»։ Նախարարությունը հայտնել է, որ մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջության փորձագետներն իրականացնում են կենսաբանական, կլինիկական և համաճարակաբանական հետազոտություններ։
Նշվել է նաև, որ դեպքի մասին տեղեկացվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

