Դե «կրակեք ձեր ոտքին», ինչ է՝ ՌԴ-ն թերացավ անվտանգային պարտականություններում․ Փաշինյանն էր ՀԱՊԿ-ի նախագահողը․ Խոսրով Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
22.10.2026 | 20:00Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը, ռուսական գազի գնին, ՀԱՊԿ-ի գործունեությանն ու սահմանազատման գործընթացին՝ քննադատելով գործող իշխանությունների վարած քաղաքականությունը։
Անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու պրոցեսի մեկնարկ նախատեսող օրենքին՝ Խոսրով Հարությունյանը նշել է, որ իշխանությունների այդ նախաձեռնությունն արվում է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խզման հաշվին, ինչն անհեռանկարային է։
«Նույնիսկ ամենաշոշափելի ապագայում Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը ուղղակի անհնար է: Հետևաբար, եթե դա այդպես է, ի՞նչու եք ընդունում օրենք, որը ոչ մի հեռանկար ձեզ չի առաջացնում, չի տալիս, բայց փոխարենը առաջացնում է լուրջ պրոբլեմներ ձեր ռազմավարական գործընկերոջ մոտ»,- հայտարարել է նախկին վարչապետը։
Նա հիշեցրել է նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումը ՆԱՏՕ-ի գործընկերներին՝ զուգահեռներ տանելով ռուս-հայկական հարաբերությունների հետ. «Ի՞նչ էր ասում Թրամփը։ Ասում էր՝ լսեք, ես ձեր հովանավորն եմ, անվտանգության համար թիվ մեկ երաշխավորն եմ և ձեզ ամեն ինչով աջակցել եմ: Ինչո՞ւ դուք հիմա իմ կողքին կանգնած չեք… Եթե դուք իմ կարիքը ունեք և ես ձեզ օգնում եմ, ապա բարի եղեք հաշվի նստեք իմ շահերի հետ։ Հարգեք իմ հետաքրքրությունները: Թրամփի բանաձևը սա է»։
Պատասխանելով այն դիտարկմանը, թե ռուսական էժան գազն ունի քաղաքական գին և ՌԴ-ն դրա դիմաց լոյալություն է պահանջում, Հարությունյանը հաստատել է, որ գինը քաղաքական է, սակայն այն բխում է ռազմավարական գործընկերության տրամաբանությունից։
«Քաղաքական գինը տվյալ դեպքում այն էր, որ մենք ձեր հետ համագործակցությունը կարևորելով, շատ ու շատ ապրանքներ ձեզ տրամադրում ենք բավականին մեծ զեղչերով… Արդյո՞ք Ռուսաստանը մեզ աջակցում է էներգակիրներից էժան գներով, իր շուկան մատչելի դարձնելով… որպեսզի ձեր հանրապետության բնականոն կենսագործունեությունը դուք իրականացնեք: Այո՛, թե ո՛չ: Պատասխանը շատ բնական է՝ այո»,- նշել է բանախոսը։
Խոսելով ՀԱՊԿ-ի անգործությանն ուղղված ՀՀ իշխանությունների մեղադրանքների մասին՝ Հարությունյանը հիշեցրել է 2022-ին Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ զորքերի մուտքը Ղազախստան՝ շեշտելով, որ դրան նախորդել էր լուրջ դիվանագիտական աշխատանք. «Խոսքը գնում է դիվանագիտական խողովակներով ջանքեր գործադրելու մասին։ Դուք կարծում եք Տոկաևը միայն մի հատ հայտարարություն արեց և այստեղ բոլորը վազելով գնացի՞ն… Դրան նախորդել էր դիվանագիտական խողովակներով լուրջ աշխատանք»:
Միևնույն ժամանակ նա նշել է ՌԴ-ի թերացումները. «Ես Ռուսաստանի փաստաբանը չեմ… Այո, մենք պետք է արձանագրենք, որ շատ դեպքերում, այդ թվում նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պահանջները կատարելու առումով, Ռուսաստանը թերացել է»։ Սակայն, ըստ նրա, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը տապալել են թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը։
Քննադատելով սահմանազատման ներկայիս գործընթացը՝ Խոսրով Հարությունյանը նշել է, որ իշխանությունը սխալ է մեկնաբանում Ալմա-Աթայի հռչակագիրը։
«Եթե պարոն Փաշինյանը պահանջում է Պուտինից, որ կար վարչական սահման և դուք չեք կարող այդ վարչական սահմանի մասին չիմանալ… հիմա ես էլ հարց եմ տալիս՝ բա դուք է՞լ չեք կարող, պարոն Փաշինյան, չիմանալ այդ վարչական սահմանի մասին»,- ասել է նա՝ հավելելով, որ Ալմա-Աթայի հռչակագրում «ոչ մի խոսք չկա» կոնկրետ վարչական սահմանների ու քարտեզների նույնականացման մասին, այլ կա միայն տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունք:
Եզրափակելով անվտանգային հարցերը՝ նախկին վարչապետը հայտարարել է, որ Հայաստանում ռուսական բազայի թիրախը երբեք Ադրբեջանը չի եղել. «Ռուսաստանի ռազմաբազայի առկայությունը Հայաստանում, նրա հիմնական նպատակը հայ-ադրբեջանական հակամարտությունը մեղմելը կամ չեզոքացնելը չէր։ Թուրքական ռազմական ազդեցությունը չեզոքացնելն է…»։ Ըստ Հարությունյանի՝ ռուսական բազան Հայաստանը զերծ է պահում հարևան մեծ պետությունների, մասնավորապես՝ Թուրքիայի արկածախնդրությունից։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

