Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Քաղաքականություն
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան Դոհայում համաձայնագիր են ստորագրել զենքի արտադրության, ռազմական պատրաստության և հետազոտությունների ոլորտներում համագործակցելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, գրում է Turkish Minute-ը։
Փոխըմբռնման հուշագիրը նպատակ ունի համատեղել չորս երկրների արտադրական կարողությունները՝ զարգացնելու նրանց պաշտպանական արդյունաբերությունը և ռազմական տեխնիկա մատակարարելու գործընկեր երկրներին։ Նախաձեռնության առանցքում համատեղ արտադրությունն ու տեխնոլոգիաների փոխանակումն են։ Այն հիմնվում է Թուրքիայի՝ մյուս երեք ստորագրող երկրների հետ արդեն իսկ իրականացվող պաշտպանական նախագծերի վրա:
Կատարը նախատեսում է ստեղծել ռազմական տեխնիկայի արտադրության կենտրոն՝ սեփական պաշտպանական արդյունաբերությունը զարգացնելու նպատակով, Դոհայում կայացած անվտանգության համաժողովում հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Շեյխ Սաուդ բին Աբդուլռահման Ալ Թանին։
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը խաթարել է Կատարի էներգակիրների արտադրությունն ու Հորմուզի նեղուցով նավագնացությունը։ Այդ նեղուցը Պարսից ծոցը կապում է բաց ծովի հետ։
Թուրքիան արդեն իսկ Կատարին մատակարարում է զինված անօդաչու թռչող սարքեր և զրահամեքենաներ, Պակիստանի հետ համագործակցությամբ ռազմանավեր է կառուցում, իսկ Ինդոնեզիայի հետ համատեղ մշակել է տանկ։
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որը Կատարում ռազմական բազա ունի, ընդլայնել է նաև Պարսից ծոցի տարածաշրջանում ստանձնած անվտանգության պարտավորությունները։ Օգոստոսին Թուրքիան առանձին փոխադարձ պաշտպանության համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ։ Համաձայնագրով երեք երկրները պարտավորվել են մեկի վրա հարձակումը դիտարկել որպես հարձակում բոլոր երեքի վրա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

