ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ չկա Ադրբեջանի կողմից, կա նախապայման․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
21.10.2026 | 16:32Բանակցային սեղանին ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ չկա, սակայն Ադրբեջանը հրապարակային նախապայման է առաջ քաշել՝ հրաժարվելով ստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի դեռ Հայաստանում չի փոխվել Մայր օրենքը։ Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին։
Պատգամավորը մտահոգություն էր հայտնել, որ Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո Հայաստանից նոր զիջումներ է պահանջում, իսկ իշխանություններն իրենց քայլերով գնում են Սահմանադրությունը փոխելու ճանապարհով՝ փաստացի բավարարելով Բաքվի հերթական պահանջը։
Արձագանքելով՝ Արարատ Միրզոյանը հորդորեց տարբերակել բանակցային պահանջը և հրապարակային նախապայմանը։
«Չկա՛ բանակցային գործընթացում Ադրբեջանի պահանջ՝ դրված Հայաստանի առջև՝ փոխել Սահմանադրությունը։ Ուրիշ է իրավիճակը․ Ադրբեջանը ոչ թե Հայաստանի առաջ պահանջ է դնում, այլ հրապարակային ասում է՝ «մենք չենք ստորագրի, քանի դեռ Հայաստանը չի փոխել Սահմանադրությունը»։ Նախապայմանը «պահանջ» բառից էականորեն տարբեր է։ Ադրբեջանն իր համար այդպիսի պայման է տեսնում ստորագրելուց առաջ և դրանով կիսվում է աշխարհի հետ»,- ասաց նախարարը։
Միրզոյանը շեշտեց, որ Հայաստանի իշխանությունները չեն կիսում այդ օրակարգը, և Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն ու որոշելիքն է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

