Հայաստանը և Տաջիկստանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հարցեր
Քաղաքականություն
21.10.2026 | 16:35
COP17-ի շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը հանդիպել է Տաջիկստանի Շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեի նախագահ Բահոդուր Շերալիզոդայի հետ։ Կողմերը քննարկել են բնապահպանական վերահսկողության արդյունավետության բարձրացման, կենսաբազմազանության պահպանության և փորձի փոխանակման հնարավորությունները։
ԲԸՏՄ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնի «Կապույտ գոտում», Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեի նախագահ Բահոդուր Շերալիզոդայի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները, բնապահպանական վերահսկողության արդյունավետության բարձրացմանն ուղղված մոտեցումները և կենսաբազմազանության պահպանությանն առնչվող հարցեր։
Կողմերը կարևորել են բնապահպանական մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդումը և փորձի փոխանակումը՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանության ոլորտում արդյունավետ լուծումների առաջմղմանը։

