Այս շաբաթ Միրզոյանն ԱԺ-ի վավերացմանը կներկայացնի TRIPP-ի համաձայնագիրը
Քաղաքականություն
19.10.2026 | 18:05
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովում վավերացման համար ներկայացնելու է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև TRIPP-ի վերաբերյալ կնքված ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։
Հիշեցնենք՝ կառավարությունը նախագիծը հավանության էր արժանացրել հուլիսի 16-ին։ Սեպտեմբերի 16-ին էլ Սահմանադրական դատարանը եզրակացություն էր տվել, որ նախագծի շրջանակներում ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը։
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի ստորագրման գործընթացը Երևանն ու Վաշինգտոնը ավարտին էին հասցրել հունիսի 4-ին՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ստորագրություններով։
Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ TRIPP ընկերությունը Հայաստանի տարբեր գոտիներում կկարողանա հիմնել դուստր ընկերություններ և ձեռք բերել կառուցապատման իրավունք՝ նախնական 49 տարի ժամկետով։ Ընկերության բաժնետոմսերի 74 տոկոսը կպատկանի ամերիկյան կողմին, իսկ 26 տոկոսը՝ Հայաստանի Հանրապետությանը։ 49-ամյա ժամկետի ավարտից հետո հնարավոր կլինի այն երկարաձգել ևս 50 տարով, ինչի արդյունքում Հայաստանի բաժնեմասը կարող է ավելանալ՝ հասնելով մինչև 49 տոկոսի։
Նարեկ Կիրակոսյան

