Քաոս, պարետային ժամ․ ինչ է կատարվում Ֆրանսիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տեսանյութեր
19.10.2026 | 19:30Ֆրանսիայի տարբեր քաղաքներում քաոս է․ թանկացումների, դպրոցական շենքային վատ պայմանների, կրթության որակի հետ կապված խնդիրների լուծման պահանջով փողոց դուրս եկած ուսանողների ու աշակերտների կազմակերպած ցույցերը վերածվել են անկարգությունների։ Բողոքի շարժումն ավելի մեծ թափ է ստացել, երբ նրանց են միացել արհմիությունների ու «դեղին բաճկոնների» շարժման ներկայացուցիչները։ Բախումներ են եղել ոստիկանների հետ։
Լիմոժում հրդեհվել է 19-րդ դարում կառուցված քաղաքապետարանի պատմական շենքը։ Փլուզվել է շենքի աշտարակը։
Մարսելում էլ ցուցարարների մի խումբ ներխուժել է քաղաքապետարան, վնասել գույքն ու գետնին տապալել Ֆրանսիայի Հանրապետության խորհրդանիշ Մարիաննայի կիսանդրին։ Լիոնում հրդեհվել է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը։ Փարիզի տարբեր հատվածներում այրվել են մեքենաներ, վնասվել և թալանվել են խանութների ցուցափեղկեր։
Ոստիկաններն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ են կիրառել։ Իշխանությունների տվյալներով՝ ցույցերին մասնակցել է գրեթե 550 հազար մարդ, որից 110 հազարը՝ Փարիզում։
Ներքին գործերի նախարարության՝ հոկտեմբերի 19-ի առավոտյան տվյալներով՝ ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 2400 մարդու։ Բախումների հետևանքով տուժել է շուրջ 1000 իրավապահ։ Փարիզում ցուցարարներից մեկը զանգվածային ցույցերի ժամանակ մահացել է սրտի կանգից։
Նախագահ Էմանուել Մակրոնը տեսաուղերձով կոչ է արել հանդարտվել, նաև դատապարտել ցուցարարների կողմից բռնության կիրառումը:
«Ինչպե՞ս կարող են ֆրանսիացիներն այսպիսի բան անել Ֆրանսիայի հետ։ Ուզում եմ արտահայտվել չափազանց հստակ․ մենք անհաշտ ենք լինելու ջարդարարների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դիմում են բռնության։ Լսելու և երկխոսություն վարելու պատրաստակամությունը ո՛չ թուլություն է, ո՛չ էլ անպատժելիություն»,- ասել է Մակրոնը։
Մակրոնը հայտարարել է, որ վանդալիզմի և թալանի դեպքերի պատասխանատուները կպատժվեն և կփոխհատուցեն պատճառված վնասը։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ պետք է տարանջատել իրավախախտումներ կատարողներին իրենց օրինական պահանջներն արտահայտող ցուցարարներից։ Ֆրանսիայի նախագահը նաև ընդունել է, որ քաղաքացիների դժգոհությունն ունի հիմնավոր պատճառներ, և որ երկիրը, հատկապես սոցիալական ոլորտում, բարդ իրավիճակում է հայտնվել։
Այս իրադարձությունների ֆոնին Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել, Մակրոնը սակայն չի ընդունել այն։
Այսօր էլ ուսանող ցուցարարները փակել են Լուվրի թանգարանի մուտքը՝ աջակցելով ավագ դպրոցների աշակերտների ցույցերին և դատապարտելով, իրենց խոսքով, ոստիկանության բռնաճնշումները։
Հանգստյան օրերին գրանցված բախումներից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում կսահմանվի պարետային ժամ։ Վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հայտարարել է, որ պարետային ժամը կլինի տեղային և մասնակի՝ տեղական բիզնեսներն ու գույքը պաշտպանելու նպատակով։
Ֆրանսիայում հերթական լարվածությունը նախորդում է նախագահական ընտրություններին․ 2027-ի ապրիլին Ֆրանսիայի ժողովուրդը նախագահ է ընտրելու։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

