«Անցյալ կատարյալ»-ը հեռավոր երազանքների ցանկից՝ իրականություն․ լրագրող Միլենա Խաչիկյանը գիրք է հրատարակել
Իրավական ծանր նյութերի ու հետպատերազմական շրջանի քրեական գործերի ու դատավարությունների լուսաբանումների խրթին բառապաշարը չեն փոխել նրա ստեղծագործությունների պարզ ու քնքուշ լեզուն։ Իրավաբան Միլենա Խաչիկյանը շարունակում է ապրել պոեզիայով։ «Անցյալ կատարյալ»-ում բոլոր ժամանակներում նրա գրած բանաստեղծություններն են, այդ թվում՝ այն գործերը, որոնք գրելու ժամանակ գիրք հրատարակելը հեռավոր երազանք էր թվում։
«Ես նույնիսկ հեռավոր երազանքների ցանկ ունեի, որում երազանքներ էի գրել ու հետո դրանց մասին մոռացել։ Դրանցից մեկը գիրք ունենալն էր։ Հետո իրադարձություններն այնպես դասավորվեցին, որ սկսեցի հավաքագրել անցած տարիների բոլոր բանաստեղծություններս, որոնք մեկտեղվեցին ու դարձավ գիրք»,- շնորհանդեսին պատմեց Միլենան։

Միլենա Խաչիկյանը ստեղծագործում է պատանեկան տարիներից։ Տարբեր ժամանակներում տպագրվել է «TV ալիք» շաբաթաթերթի «Շավիղ» երիտասարդական հանդեսում, «Գրանիշ» գրական հարթակում, «Կայարան» հանդեսում, «Անդին» ամսագրում, «Գրեթերթ» ամսագրում։
«Անցյալ կատարյալը» հայերենում ցույց է տալիս անցյալում կատարված, ավարտված և ականատեսի շուրթերով պատմվող գործողություն:
«Երբ ես այդ բանաստեղծությունները հավաքագրեցի, միանգամից հասկացա, որ ամբողջը կարծես անցյալում կատարված, ավարտված և ականատեսի, այսինքն իմ շուրթերով պատմվող գործողություն լինի, և ինքնաբերաբար հասկացա, որ սա է այն վերնագիրը, որը ամենաշատն է համապատասխանում գրքին»,- ասում է Միլենան։

Գիրքը Per aspera ad astra խորագիրն ունի։ Սա լատիներեն արտահայտություն է, որ նշանակում է «փշերի միջով՝ դեպի աստղեր»։ Երեք գլխից բաղկացած գրքում հենց այդպես՝ փշերի, անձնական ու անանձնական կորուստների, դժվարությունների, սիրահարվածությունների ու որոնումների միջով հեղինակը գալիս ու հասնում է աստղերի լույսին՝ երջանկությանը։
Ապրածի մասին գրելը ենթադրում է նաև անձնական փորձը ընթերցողի հետ կիսելու պատրաստակամություն։ Այն, ինչ սկզբում պատկանում է միայն հեղինակին, դուրս է գալիս անձնական տարածքից և դառնում մի տեսակ անանձնական ու բոլորինը։ Հեղինակն ասում է՝ ինչ-որ պահ է գալիս, երբ հասկանում ես, որ իրականում երբեք էլ լիարժեք պատրաստ չես լինելու դա անելուն, ուղղակի պիտի անես։

Իսկ ինչո՞ւ այդ պահը հիմա եկավ։ Այս հարցն, ըստ հեղինակի, ունի շատ «վատ» պատասխան․
«Որովհետև ես հիմա թողել եմ գրելը, և սա, ինչքան էլ տխուր հնչի, իրականում լավ առիթով է»,- ասում է Միլենան ու հիշում «TV Ալիք» շաբաթաթերթի, ինչպես նաև իր գրքի խմբագիր Սերգեյ Հարությունյանին։
«Պարոն Հարությունյանը միշտ ասում էր՝ ով ամուսնանում է, թողնում է գրելը, բայց ոչինչ, դուք կարևորը ամուսնացեք։ Հիմա նույն բանը ինձ մոտ եղավ, որովհետև երբ սկսեցի լիարժեք երջանիկ լինել, գրելու բան կարծես այլևս չկար․ գրելու բանը դարձավ ապրելու բան, որովհետև երջանկությունը ապրելու մասին է»,- բացատրում է Միլենան։
Այս միտքը գրքի շուրջ զրույցը տեղափոխում է ստեղծագործելու շարժառիթների դաշտ։
«Ցավը, տխրությունը, տառապանքը, դժվարությունները բազում հարցեր են ստեղծում մեր մեջ, դրանք են, որ մղում են ինչ-որ բան գրելու ու դրա միջոցով գտնելու պատասխաններ կամ առնվազն այդ հույզերն արտահայտելու, իսկ երջանկության մեջ կոնֆլիկտ չկա, երջանկությունը հարցեր չունի, դու երջանկությունը ուղղակի ապրում ես»,- ասում է Միլենան։

Բայց հեղինակն ուզում է սովորել գրել նաև երջանկության մեջ։
Գրքի վերջին բանաստեղծություներից մեկը կոչվում է «Ապաքինում»։ Սա երջանկության մեջ գրելու նրա առաջին փորձերից է ու հույս ունի, որ նորից գրելու է՝ այս անգամ երջանության մեջ։
Գրքի շապիկի գաղափարը ևս կապված է հեղինակի համար կարևոր երևույթի՝ բարության հետ։
Հեղինակն ընդունում է, որ կորուստներն ու հիասթափությունները կյանքի անբաժան մասն են։ Հարցն այն է, թե դրանք ինչպես են փոխում մարդուն և արդյոք թույլ են տալիս նրան պահպանել իր վերաբերմունքը աշխարհի ու մյուսների հանդեպ։
«Կարևորն այս ճանապարհին չչարանալն է աշխարհի, մարդկանց և կյանքի հանդեպ։ Որովհետև ես հավատացած եմ, որ չարացած սիրտը արարում է չարը և միաժամանակ դադարում է տեսնել բարին ու լավը։ Փոխարենը ես առաջարկում եմ, որ մենք, ինչքան էլ դժվարությունների մեջ ու դառնացած լինենք, գործենք բարին։ Դիմացինին բարություն տալով՝ մենք մեր ներսում ենք բարություն ստեղծում, մենք լցվում ենք երախտագիտության զգացումով, իսկ դա անփոխարինելի է, որովհետև էլի մաքրագործում է մեզ ու տեղ է բացում սիրո համար, իսկ սիրուց ամոքիչ կյանքում ոչինչ չկա»,- ասում է Միլենան։
Արաքս Մամուլյան

