Փաստաթղթում նշվում է, որ վերջին օրերին Ադրբեջանում տեղի ունեցած առանձին իրադարձություններ «միտումնավոր» ներկայացվում են համատեքստից կտրված, ներքին հարցերը քաղաքականացվում են, իսկ չհաստատված պնդումները մատուցվում են որպես հաստատված փաստեր։ Մամուլի խորհուրդը կարծում է, որ նման մոտեցումը հակասում է պրոֆեսիոնալ լրագրության հիմնարար սկզբունքներին։
Հայտարարության մեջ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի հանրակրթական հաստատություններում միասնական դպրոցական համազգեստի ներդրման որոշման քննարկմանը։ Խորհրդի գնահատմամբ՝ թուրքական որոշ լրատվամիջոցներ այս որոշումը ներկայացնում են խեղաթյուրված ձևով՝ տարածելով չհիմնավորված պնդումներ երկրում, իբր, «հիջաբի արգելք» սահմանելու և իսլամական արժեքները ճնշելու մասին։
«Ադրբեջանի Մամուլի խորհուրդը հատուկ ընդգծում է, որ լրագրության գերագույն առաքելությունը հասարակություններին միմյանց հակադրելը չէ, այլ ճշմարտությունը բացահայտելը, հանրությանը ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելն ու փոխըմբռնմանը նպաստելը։ Սակայն ափսոսանքով պետք է արձանագրել, որ վերջին օրերին թուրքական մի շարք լրատվամիջոցներում բոլորովին հակառակ պատկեր է նկատվում»,- ասվում է հայտարարության մեջ։
Խորհուրդը նաև մատնանշել է երկրի կրոնական ազատությունների, կրթական քաղաքականության և հասարակական-մշակութային կյանքի վերաբերյալ տեղեկատվության խեղաթյուրման դեպքերը։ Կազմակերպության պնդմամբ՝ կեղծ հասարակական կարծիք ձևավորելու համար օգտագործվում են հին կամ կեղծված լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք կապ չունեն քննարկվող իրադարձությունների հետ, իսկ առանձին մարգինալ անձանց հայացքները ներկայացվում են որպես ամբողջ թուրքական հասարակության դիրքորոշում։
Հայտարարության մեջ ընդգծվում է, թե նման մոտեցումը չի համապատասխանում օբյեկտիվ լրագրության սկզբունքներին և երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների ոգուն։
Բացի այդ՝ Մամուլի խորհուրդը մտահոգություն է հայտնել, որ նման նյութերի տարածումը չի սահմանափակվում սոցիալական ցանցերով, այլ տեղի է ունենում նաև թուրքական մի շարք ավանդական լրատվամիջոցներում։
«Այս նյութերում բացահայտորեն խախտվում են քննադատության և խոսքի ազատության սահմանները, իսկ սոցիալական ցանցերի օգտահաշիվներում հարթակ է տրամադրվում վտանգավոր կոչերի համար՝ ուղղված Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգի բռնի փոփոխությանը և իշխանության ապօրինի զավթմանը»,- ասվում է հայտարարությունում։
Մամուլի խորհուրդը հիշեցրել է ադրբեջանա-թուրքական հարաբերությունների առանձնահատուկ բնույթի մասին, որոնք հիմնված են ընդհանուր պատմության, լեզվի, մշակույթի, հոգևոր արժեքների և փոխադարձ վստահության վրա։
Կազմակերպությունն ընդգծել է, որ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքն արտացոլում է երկու անկախ երկրների իրավահավասար համագործակցությունն ու եղբայրությունը և չի կարող արդարացում ծառայել միմյանց ներքին կամ արտաքին քաղաքականությանը միջամտելու, հասարակությանը գաղափարական հակամարտության մեջ ներքաշելու կամ անհիմն մեղադրանքներ ներկայացնելու համար։
Խորհուրդը դիմել է թուրքական մեդիաընկերություններին, լրագրողական միավորումներին, խմբագրություններին և թվային հարթակների ազդեցիկ օգտատերերին՝ կոչ անելով հրապարակումից առաջ Ադրբեջանի վերաբերյալ տեղեկությունները ստուգել վստահելի աղբյուրների հիման վրա։ Կազմակերպությունը կոչ է արել թույլ չտալ փաստերի խեղաթյուրում, կեղծ և համատեքստից կտրված նյութերի տարածում, զերծ մնալ Ադրբեջանի պետության և ժողովրդի հասցեին վիրավորանքներից, զրպարտությունից և ատելության հռետորաբանությունից, ինչպես նաև օպերատիվ կերպով ուղղել և հերքել հայտնաբերված ոչ հավաստի տեղեկությունները։