Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
Քաղաքականություն
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանում աշխատակարգային նիստն ավարտվել է, առաջադրված երկու թեկնածուները չեն ընտրվել նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնում են Factor TV-ի աղբյուրները:
Նշենք, որ աշխատակարգային նիստը մեկնարկել էր այսօր, ժամը 16:00-ին: Դատարանի նախագահի թեկնածուները երկուսն էին՝ Էդգար Շաթիրյանը և Վլադիմիր Վարդանյանը:
Հիշեցնենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 12-ին լրացել է Արման Դիլանյանի՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը։ Արման Դիլանյանը կշարունակի պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր, իսկ ՍԴ դատավորների կազմից պետք է ընտրվի նոր նախագահ:
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության ընթացակարգը սահմանված է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով և Սահմանադրական դատարանի աշխատակարգով:
Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե առաջադրված երկու կամ ավելի թեկնածուներից ոչ ոք քվեարկության արդյունքով չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ապա հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Ընտրության երկրորդ փուլի արդյունքով ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը։ Այս դեպքում ևս նախագահ չընտրվելու դեպքում ընտրությունը համարվում է չկայացած, և կազմակերպվում է նոր ընտրություն։
Ստացվում է, որ այժմ հնգօրյա ժամկետում պետք է անցկացվի ընտրության երկրորդ փուլ:
Արաքս Մամուլյան

