ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
Քաղաքականություն
14.10.2026 | 14:42
Եվրահանձնաժողովն այսօր Ուկրաինային 2,86 միլիարդ եվրո է հատկացրել՝ Կիևին աջակցության 90 միլիարդ եվրոյի վարկի պաշտպանական բաղադրիչի շրջանակում: Ֆինանսավորումը կուղղվի անօդաչու թռչող սարքերի, հակաօդային պաշտպանության համակարգերի, հրթիռների, ռադարների, ռադիոէլեկտրոնային պատերազմի համակարգերի և զինամթերքի ձեռքբերմանը, հաղորդում է Եվրահանձնաժողովը։
«Մինչ Ռուսաստանը կանգնած է առանջնագծում, այն շարունակում է սաստկացնել օդային հարձակումները՝ դաժանաբար թիրախավորելով ուկրաինացի խաղաղ բնակիչներին և ենթակառուցվածքները։ Եվրոպայի անսասան աջակցությունն առավել կարևոր է, քան երբևէ, որպեսզի օգնենք Ուկրաինային պաշտպանել իր օդային տարածքը և փրկել մարդկային կյանքեր։ Այսօր հատկացված 2,86 միլիարդ եվրոյի շնորհիվ մենք շարունակում ենք բավարարել Ուկրաինայի առավել հրատապ օպերատիվ կարիքները, այդ թվում՝ ապահովելով անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ, որոնք կենսական նշանակություն ունեն նրա պաշտպանության համար»,- հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Ուկրաինային աջակցության վարկը ներառում է ֆինանսավորում, որի նախնական բաշխմամբ՝ 2026-2027 թվականներին 60 միլիարդ եվրո կհատկացվի պաշտպանությանը, իսկ 30 միլիարդ եվրո՝ բյուջետային աջակցությանը։ Միայն 2026 թվականին նախատեսվում է հատկացնել 28,3 միլիարդ եվրո՝ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ներուժին աջակցելու համար։ Գործիքի՝ 2026 թվականի պաշտպանական բաղադրիչի շրջանակում ֆինանսավորման հետագա հատկացումները կշարունակվեն առաջիկա շաբաթներին։
Մինչ Ուկրաինան պատրաստվում է Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր իր չորրորդ ձմռանը, պաշտպանական տեխնիկայի հրատապ մատակարարումը կապահովի, որ Ուկրաինայի զինված ուժերը կարողանան պաշտպանել խաղաղ բնակիչներին և քաղաքները ռուսական հարձակումներից։
Նշվում է, որ ֆինանսավորման վերաբերյալ բոլոր որոշումներն ընդունվում են՝ հաշվի առնելով Ուկրաինայի փոփոխվող կարիքները, և ենթակա են համաձայնեցված պայմանների ու վերահսկողության։ 2022 թվականից ի վեր ԵՄ-ն և նրա անդամ պետություններն Ուկրաինային տրամադրել են 231,5 միլիարդ եվրոյի ընդհանուր աջակցություն, այդ թվում՝ 3,8 միլիարդ եվրո՝ Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից։
2026 թվականի մնացած ժամանակահատվածի համար Ուկրաինային դեռ հասանելի է 29,64 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցություն։ Դրանից 25,24 միլիարդ եվրոն նախատեսված է հատկացնել Ուկրաինային աջակցության վարկի շրջանակում, այդ թվում՝ 12,54 միլիարդ եվրո՝ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ներուժին աջակցելու, և 12,7 միլիարդ եվրո՝ բյուջետային աջակցության համար։
Բացի այդ, այս տարվա համար դեռ հասանելի է 4,4 միլիարդ եվրո բյուջետային աջակցություն՝ սկզբնական Ukraine Facility-ի շրջանակում։
Այսպիսով, 2026 թվականի մնացած ամիսների համար հասանելի է ավելի քան 17 միլիարդ եվրոյի բյուջետային աջակցություն, որը կտրամադրվի՝ Ուկրաինայի կողմից ծրագրով և փոխըմբռնման հուշագրով սահմանված համապատասխան պայմանների կատարման դեպքում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

