Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
Քաղաքականություն
12.10.2026 | 18:26
Բաղային նաև նշել է, որ Իրանը շարունակում է միջնորդների միջոցով հաղորդագրություններ փոխանակել՝ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու։ Կատարն ու Պակիստանը, ի թիվս այլ երկրների, հանդես են եկել որպես միջնորդներ՝ փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներով սկսված պատերազմն ավարտելու ջանքերի շրջանակում։
Հունիսին կնքված ժամանակավոր հրադադարի խախտումից և ընդմիջումներով ուղեկցվող հարվածների վերսկսումից հետո՝ սեպտեմբերի կեսերին, Իրանը ներկայացրել էր իր առաջարկը, իսկ ավելի ուշ հաստատել ամերիկյան կողմի պատասխանը ստանալու փաստը։ Սակայն դրանից հետո գործընթացը կասեցվել էր։ Կիրակի Իրանի անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, որ Վաշինգտոնի պատասխանը բավարար չափով չի անդրադարձել Թեհրանի՝ Հորմուզի նեղուցը վերաբացելու և բանակցություններին վերադառնալու վերաբերյալ առաջադրած յոթ պայմաններին։
Տարաձայնությունների առանցքային կետերից մեկը Վաշինգտոնի պնդումն է՝ Իրանի միջուկային ծրագրի հարցը քննարկել գործընթացի հենց սկզբում։ Թեհրանը պնդում է, որ բանակցությունները նախ պետք է կենտրոնանան Հորմուզի նեղուցի վերաբացման (որով մինչև պատերազմն իրականացվում էր նավթի և հեղուկ բնական գազի համաշխարհային առևտրի մոտ մեկ հինգերորդ մասի փոխադրումը) և այդ ջրային ուղու անվտանգության վերականգնման վրա։
«Եմենի հարցը վաղուց պետք է լուծված լիներ ՄԱԿ-ի ճանապարհային քարտեզի հիման վրա։ Մենք հայտարարել էինք, որ կաջակցենք եմենցիների և սաուդցիների միջև ձեռք բերված ցանկացած համաձայնության։ Մեր կոչն է, որ այս իրավիճակը կարգավորվի երկխոսության միջոցով»,- ասել է նա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

