Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
12.10.2026 | 17:18Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընդդիմադիր պատգամավորները քննադատել են իշխող մեծամասնությանը՝ Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման հարցով ԱԱԾ-ի և ՊՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հրատապ քննարկում նախաձեռնելուց հրաժարվելու համար։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը դիմեց հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանին՝ ընդգծելով, որ խորհրդարանական վերահսկողությունն այս պարագայում պարտադիր է։
«Խորհրդարանը վերահսկողական գործառույթ ունի։ Սա, մեծ հաշվով, պարո՛ն Գաբրիելյան, ձեր առաջին թեստն է։ Հիմա էդ թեստը դուք անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում։ Մարդիկ ուզում են հասկանալ՝ անվտանգային ճարտարապետության հետ կապված ի՞նչ խնդիրներ կան, ո՞նց է հատել սահմանը, ի՞նչ որոնողական աշխատանքներ են արվել, որ օրեր շարունակ չեն գտել, և ինչո՞ւ է որոշվել բնակչությանը չտեղեկացնել։ Ինչո՞ւ դուք չեք կազմակերպել նման քննարկում, իսկ ընդդիմության առաջարկած ձևաչափին չեք համաձայնում։ Ի՞նչն է ձեզ կաշկանդում»։
Արձագանքելով՝ Վիլեն Գաբրիելյանը նշեց․ «Համարենք՝ թեստը դեռ չեմ անցնում, բայց այն շարունակական է։ Որևէ բան մեզ չի կաշկանդում։ Մենք առաջիկայում մեր գործընկերներին հրավիրելու ենք հանձնաժողով՝ քննարկում ունենալու համար»։
Ըստ Գաբրիելյանի՝ գերատեսչությունների ղեկավարներին կարելի է հրավիրել աշխատանքային կարգով՝ առանց հանձնաժողովի հատուկ որոշման ընդունման։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի առաջարկին՝ հենց տեղում որոշել և առաջիկա օրերին նիստ հրավիրել, Գաբրիելյանը պատասխանեց, որ պատրաստ են հարմար օր ու ժամ պայմանավորվել և հրավիրել ուժայինների ներկայացուցիչներին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

