Պարոն Ալեքսանյան, շատ եք ուզո՞ւմ, տոմս առնենք Կալուգա թռե՛ք, Կալուգան տեսեք․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
12.10.2026 | 14:00Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ ԱԺ փոխնախագահ, իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթին և COP17-ի շրջանակներում Կառավարության իրականացրած գնումներին։
Աբրահամյանը նշեց, որ ընդդիմադիր գործընկերները ներկայացրել են պայմանագրերում թույլ տրված չարաշահումներն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, սակայն Վահագն Ալեքսանյանը բովանդակային պատասխանների փոխարեն կրկին շոշափում է «Կալուգայի» թեման։
«Պարո՛ն Ալեքսանյան, շատ եք ուզո՞ւմ Կալուգա, տոմս առնենք, թռե՛ք, մի հատ Կալուգան տեսեք, այդտեղ ինչ կա, մի հատ գնացեք, ման եկեք, մի հատ հանգստացեք․ ի՞նչն է խնդիրը, խի՞ եք այդ Կալուգայի թեման անընդհատ (շոշափում), ցավո՞ւմ է ձեզ մոտ»,- հայտարարեց Աբրահամյանը։
Անդրադառնալով ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի պարզաբանումներին՝ պատգամավորը քննադատեց նրան պետական բյուջեից կատարված ծախսերի վերաբերյալ հստակ տեղեկատվություն չտիրապետելու համար։
Աբրահամյանի խոսքով՝ փոխնախարարն ի սկզբանե նշեց միայն քարտուղարությանը փոխանցված գումարի չափը, իսկ մյուս պայմանագրերի վերաբերյալ հարցերին պատասխանեց, թե տեղյակ չէ․ «Կառավարության ներկայացուցիչը, երբ գալիս է այստեղ և ներկայացնում է ինչ-որ մի բան, նա պետք է հստակ օրենսդրին հաշվետու լինի»։
Եզրափակելով խոսքը՝ Տիգրան Աբրահամյանը հորդորեց իշխանության ներկայացուցիչներին անհրաժեշտ հետևություններ անել ընդդիմության բարձրացրած խնդիրներից և հաջորդ նիստերին ներկայանալ հստակ պարզաբանումներով, այլ ոչ թե «անընդհատ հին երգը երգել»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

