ՌԴ-ի փոխարեն ո՞ւր է գնացել հայկական միրգը․ պետությունը փոխհատուցել է արտահանված ծավալի շուրջ 90%-ը 

Լուրեր

12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:13
«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը
12.10.2026 | 15:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ու երեխաները՝ տուժողներ // Երբ կքննարկվի TRIPP-ն ԱԺ-ում․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 15:01
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
12.10.2026 | 14:52
Մարդկանց շփոթեցնելով ուղղորդել եք ձեր «կանտորա» ու փող աշխատել․ Վարդանյանը՝ Ենգոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:44
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի երկու գիտնականներ
12.10.2026 | 14:37
ՌԴ-ի փոխարեն ո՞ւր է գնացել հայկական միրգը․ պետությունը փոխհատուցել է արտահանված ծավալի շուրջ 90%-ը 
12.10.2026 | 14:30
29 տարով՝ 240 մլն դոլարի վարկ․ ԱԺ-ն քննարկում է տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:23
Թրամփի հատուկ բանագնացները հետաձգել են Մոսկվա այցը․ Axios
12.10.2026 | 14:17
Իրանից շուրջ 70 կգ «մարիխուաննա» է տեղափոխվել Հայաստան․ 2 անձ կալանավորվել է
12.10.2026 | 14:08
Իշաոտնուկների վրա բերենք նախագահներին նստացնե՞նք․ պարո՛ն Կարապետյան, Ձեր տան աթոռների արժեքը կասե՞ք․ Տարոն Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:00
Պարոն Ալեքսանյան, շատ եք ուզո՞ւմ, տոմս առնենք Կալուգա թռե՛ք, Կալուգան տեսեք․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:52
Պետական բյուջեի փողերը թալանում եք, դուք թալանչի եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:43
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
12.10.2026 | 13:40
Ձեր պատկերացմամբ՝ քոսոտ ծայրագավառը իրան դրել ա պետության տեղ, միջոցառում ա կազմակերպում․ Ալեքսանյանը՝ ՀՀ-ում COP17-ի անցկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական շուկայի սահմանափակումներից հետո Հայաստանից թարմ մրգերի արտահանումն իրականացվում է պետական զգալի ֆինանսական աջակցությամբ։ Հունիս-հուլիս ամիսներին ելակի, ծիրանի, կեռասի, սալորի, նեկտարինի և դեղձի արտահանման համար պետությունը փոխհատուցել է շուրջ 3.96 մլրդ դրամ։ 

Factor.am-ը համադրել է ՍԱՏՄ-ի և էկոնոմիկայի նախարարության տրամադրած տվյալները՝ հունիս-հուլիս ամիսներին Հայաստանից ելակի ու մի շարք այլ մրգերի արտահանման ծավալների և արտահանման աջակցության փոխհատուցված վերաբերյալ։

Համեմատությունը ցույց է տալիս, որ հունիս-հուլիսին ելակի, ծիրանի, կեռասի, սալորի, նեկտարինի և դեղձի արտահանումը կազմել է շուրջ 16 հազար 752 տոննա, իսկ պետական փոխհատուցում տրամադրվել է 15 083 տոննայի համար։ Այսինքն՝ պետությունը փոխհատուցել է ամբողջ արտահանման ծավալի մոտ 90%-ը։

Արտահանման սահմանափակումները և ուղղորդումն այլ երկրներ

Ռուսաստանն այս տարվա մայիսի 30-ից սկսեց սահմանափակումներ կիրառել Հայաստանից գյուղմթերքի ներմուծման նկատմամբ։ Հունիսին սկզբից սահմանափակումները տարածվեցին ելակի, լոլիկի, վարունգի, պղպեղի և կանաչու վրա։ Հետո ցանկը  ընդլայնվեց՝ ներառելով նաև ծիրանը, դեղձը, նեկտարինը, սալորը, բալը, կեռասը, խաղողը, խնձորը, տանձը, սերկևիլը և մի շարք այլ մրգեր։

Սահմանափակումները հունիսի 12-ից տարածվեցին Հայաստանից մատակարարվող բոլոր մրգերի, բանջարեղենի և կարանտինային բուսասանիտարական վերահսկողության ենթակա ամբողջ արտադրանքի վրա։ Ռուսական կողմը սահմանափակումները հիմնավորում է բուսասանիտարական պահանջների խախտումներով։

ՍԱՏՄ-ի կողմից տրամադրված արտահանման տվյալները ցույց են տալիս արտահանման աշխարհագրության զգալի փոփոխություն։

Հունիսին մրգերի արտահանման մոտ 48%-ն իրականացվել է Ուզբեկստան, շուրջ 34%-ը՝ Վրաստան, մոտ 12%-ը՝ Ուկրաինա։ Այս երեք երկրներին միասին բաժին է ընկել արտահանման ավելի քան 94%-ը։

Հուլիսին առաջին տեղում արդեն Վրաստանն է, որին բաժին է ընկնում արտահանման մոտ 35.3%-ը, հաջորդը Ուզբեկստանն է՝ 21%, ապա Ղազախստանը՝ 13.06%, Ուկրաինան՝ 10.5%, և Իրաքը՝ մոտ 8.2%։

Ելակի և դիտարկված մրգերի արտահանման ծավալները նախորդ տարվա հունիսի նկատմամբ նվազել են՝ 82%-ով, իսկ հուլիսին՝ 52%-ով։ 2025թ․ հունիսին միայն դեպի ՌԴ արտահանվել է ելակի և դիտարկված մրգերի 86.7%-ը կամ 22 հազար 777 տոննան, հուլիսին՝ 87.2%-ը կամ 22 հազար 49 տոննան։

Պետական աջակցության ծավալները

Հունիսի 4-ին Կառավարությունը N 800-Լ որոշմամբ հաստատեց ջերմատնային արտադրության թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության ծրագիրը։ Ելակի համար սահմանվեց 770 դրամ փոխհատուցում յուրաքանչյուր արտահանված կիլոգրամի դիմաց։ Հուլիսի 2-ի N 986-Լ որոշմամբ ծրագիրը երկարաձգվեց նաև հուլիս ամսվա արտահանումների համար, իսկ ելակի փոխհատուցման չափը պահպանվեց՝ 770 դրամ/կգ։ 

Կառավարության կողմից ընդունված այս որոշումների նպատակն է ՌԴ-ի կիրառած սահմանափակումների պայմաններում աջակցել արտահանողներին և նպաստել արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը։

Ելակից բացի թարմ պտուղների համար Կառավարությունը հունիսի 11-ին ընդունեց առանձին՝ N 839-Լ որոշումը։ Ծիրանի համար սահմանվեց 200 դրամ/կգ, սալորի, դեղձի և նեկտարինի համար՝ 250 դրամ/կգ, իսկ կեռասի համար՝ 400 դրամ/կգ փոխհատուցում։ Հուլիսի 2-ի N 978-Լ որոշմամբ նույն դրույքաչափերը տարածվեցին նաև հուլիսի 1-ից օգոստոսի 1-ն իրականացված արտահանումների վրա։ 

Ընդ որում՝ փոխհատուցումը ավտոմատ կերպով չի տրամադրվում Հայաստանից արտահանված յուրաքանչյուր կիլոգրամի համար։

Տնտեսվարողը պետք է դիմի Էկոնոմիկայի նախարարությանը, ներկայացնի արտահանումը հաստատող մաքսային կամ տարանցման հայտարարագրերն ու հաշիվ-ապրանքագիրը։ Նախարարությունը ուսումնասիրում է դիմումը և միայն անհամապատասխանությունների բացակայության դեպքում է փոխհատուցում տրամադրվում։

Ելակի դեպքում լրացուցիչ պահանջ է, որ արտադրանքը լինի ջերմատնային արտադրության։ 

Հունիսին ելակի և ցանկում եղած մրգերի ընդհանուր արտահանումը կազմել է 4617 տոննա։ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ փոխհատուցվել է մոտ  4254  տոննայի համար, այսինքն ՝ արտահանված քանակի մոտ 92%-ի չափով։Հունիսին ամենամեծ փոխհատուցումը տրամադրվել է կեռասի համար՝ շուրջ 564.3 մլն դրամ, երկրորդը ծիրանն է՝ 548 մլն դրամ։

Ուշագրավ է սալորին վերաբերող ցուցանիշը։ ՍԱՏՄ-ի տվյալներում հունիսին արձանագրվել է 1,209 կգ սալորի արտահանում, մինչդեռ փոխհատուցման տվյալներում ներառված է միայն 14 կգ։ Այսինքն՝ սալորի  արտահանման ընդամենը 1.2%-ն է փոխհատուցվել։ 

Հունիսի տվյալներում դեղձի արտահանման առանձին ցուցանիշ չկա, և քանի որ արտահանում չի եղել, չի եղել նաև նախարարության կողմից փոխհատուցում։

Հուլիսին փոխհատուցումը կրկնապատկվել է

Հուլիսին արտահանման ծավալներն էապես աճել են։ Դիտարկվող ապրանքների արտահանումը կազմել է մոտ 12 հազար 135 տոննա, որից փոխհատուցվել է շուրջ 10 հազար 829 տոննան, կամ  արտահանված քանակի շուրջ 89.2%-ը։ Դրա դիմաց տրամադրված փոխհատուցումը կազմել է շուրջ 2 մլրդ 769 մլն դրամ։

Հուլիսին փոխհատուցման գումարային չափը 2.25 անգամով ավելի է, քան հունիսին տրամադրվածը։

Հուլիսին միայն ծիրանի արտահանման համար պետական փոխհատուցումը կազմել է շուրջ 1 մլրդ 312 մլն դրամ։ Կեռասի համար վճարվել է 773.3 մլն դրամ։

Միաժամանակ, ծիրանի դեպքում չի փոխհատուցվել շուրջ 800.3 հազար կգ, կեռասի դեպքում՝ շուրջ 339.8 հազար կգ, իսկ դեղձի դեպքում՝ շուրջ 115.4 հազար կգ։

Հունիսի և հուլիսի տվյալները միասին վերցնելու դեպքում պատկերը հետևյալն է։ Նշված մրգերի (ներառյալ ելակը) արտահանումը կազմել է 16 հազար 752 տոննա։ Նույն ժամանակահատվածում փոխհատուցում տրամադրվել է 15 հազար 083 տոննայի համար։ Փոխհատուցումը տրամադրվել է արտահանված մրգերի 90%-ի համար և կազմել է 3 մլրդ 961 մլն դրամ։

Փոխհատուցման մեծ մասը՝ 81 տոկոսը, բաժին է ընկել ընդամենը երկու պտղատեսակի։ Երկու ամսում ծիրանի համար տրամադրվել է շուրջ 1.86 մլրդ դրամ, իսկ կեռասի համար՝ մոտ 1.338 մլրդ դրամ։

Ելակի համար հունիս-հուլիսին վճարվել է շուրջ 226.8 մլն դրամ, դեղձի համար՝ 251 մլն, նեկտարինի համար՝ 175.4 մլն, սալորի համար՝ մոտ 110.5 մլն դրամ։

 

Որքա՞ն է փոխհատուցումը՝ մրգերի միջին գների համեմատ

Պետական փոխհատուցման չափը  պատկերացնելու համար Factor.am-ը կառավարության սահմանած դրույքաչափերը համեմատել է նույն մրգերի շուկայական գների հետ, որոնք վերցրել ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած՝ գյուղատնտեսական արտադրանք արտադրողների կողմից իրացված սեփական արտադրանքի միջին գների վիճակագրությունից։

Համեմատությունը ցույց է տալիս, որ որոշ մրգերի դեպքում պետական փոխհատուցման չափը մոտեցել է մրգի վաճառքի միջին գնին։

Օրինակ՝ հունիսին Հայաստանում ելակի 1 կգ-ի իրացման միջին գինը կազմել է 933 դրամ, մինչդեռ արտահանված յուրաքանչյուր կիլոգրամի համար պետությունը սահմանել է 770 դրամ փոխհատուցում։

Այսինքն՝ փոխհատուցման չափը համարժեք է եղել արտադրողի միջին վաճառքի գնի շուրջ 82.5%-ին։ Հուլիսին ելակի միջին գինը բարձրացել է մինչև 1161 դրամ, իսկ փոխհատուցման հարաբերակցությունը նվազել է մինչև 66.3%։

Առավել ուշագրավ է սալորի օրինակը։ Հունիսին դրա իրացման միջին գինը կազմել է 617 դրամ, իսկ հուլիսին նվազել է մինչև 283 դրամ։ Միևնույն ժամանակ, պետական փոխհատուցումը պահպանվել է՝ 250 դրամ յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց։ Արդյունքում հուլիսին փոխհատուցման դրույքաչափը կազմել է սալորի միջին գնի շուրջ 88.3%-ը։

Ծիրանի դեպքում այս հարաբերակցությունը հունիսին կազմել է 34.8%, հուլիսին՝ 40.2%, իսկ դեղձի դեպքում հուլիսին՝ 53.8% (հունիսին դեղձի արտահանում չի արձանագրվել)։

Այսպիսով, պետական աջակցությունը որոշ դեպքերում կարող է զգալիորեն նվազեցնել արտահանողի համար ապրանքի ձեռքբերման զուտ ծախսը և հնարավորություն տալ արտաքին շուկայում ավելի ցածր վաճառքի գին առաջարկել՝ պահպանելով շահույթ ստանալու հնարավորությունը։

Միաժամանակ, պետք է հաշվի առնել, որ Վիճակագրական կոմիտեի հրապարակած գները արտադրողների իրացման միջին ցուցանիշներն են և պարտադիր չէ, որ համընկնեն արտահանողների ապրանքների ձեռքբերման փաստացի գների հետ։ Ուստի՝ այս համեմատությունը ցույց է տալիս պետական աջակցության հարաբերական մեծությունը, բայց չի բացահայտում արտահանողների տրանսպորտային, մարկետինգային և այլ ծախսերը, շահույթը կամ արտաքին շուկայում վաճառքի գները։

****

Այսպիսով, հունիս-հուլիս ամիսներին ելակի և դիտարկված թարմ մրգերի արտահանման համար պետական փոխհատուցումը կազմել է շուրջ 3.96 մլրդ դրամ։ Այդ գումարի ավելի քան 80%-ը բաժին է ընկել ընդամենը երկու պտղատեսակի՝ ծիրանին և կեռասին։

Պետական աջակցության մասշտաբն առավել ակնառու է դառնում նույն ժամանակահատվածում մրգերի միջին գների հետ համեմատելիս։ Հունիսին ելակի յուրաքանչյուր կիլոգրամի համար սահմանված 770 դրամ փոխհատուցումը կազմել է դրա միջին գնի 82.5%-ը, իսկ հուլիսին սալորի համար սահմանված 250 դրամը՝ միջին գնի 88.3%-ը։

Կառավարության արտահանման աջակցության ծրագրերը շարունակվել են նաև օգոստոսին։ Այդ ամսվա արտահանումների և մթերումների աջակցության համար նախատեսվել է շուրջ 4.52 մլրդ դրամ՝ ներառելով ոչ միայն թարմ մրգերը, այլև բանջարեղենը, ծաղիկները և այլ ապրանքներ։

Factor.am-ի ուսումնասիրած տվյալները ցույց են տալիս, որ պետական բյուջեի միջոցները զգալի դեր են ունեցել արտահանման ֆինանսական աջակցության գործում՝ հատկապես ռուսական շուկայի սահմանափակումներից հետո արտահանման աշխարհագրության փոփոխության պայմաններում։

Միաժամանակ, այս տվյալները հնարավորություն չեն տալիս պարզելու, թե որքանով է պետական փոխհատուցումն ազդել արտահանողների վերջնական վաճառքի գների և շահույթի վրա, առավել ևս՝ երբ նախորդ տարվա հունիսի համեմատ դիտարկված թարմ մրգերի և ելակի արտահանման ծավալները զգալի կրճատվել են։

Մարիա Խաչատրյան