Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
Քաղաքականություն
06.10.2026 | 22:37
Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության համար միությունը հրապարակել է այն անձանց թարմացված ցուցակը, որոնց կազմակերպությունը համարում է քաղաքական բանտարկյալներ։ Փաստաթղթում ներառված է 322 մարդ, այդ թվում՝ 15 կին։ Բանտարկյալները բաժանված են 12 կատեգորիաների։ Ցուցակը կազմել են Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և «Քաղաքական բանտարկյալների մոնիթորինգի կենտրոն» հասարակական միավորման ղեկավար Էլշան Հասանովը։
Իրավապաշտպանները նշում են, որ ցուցակը կազմելիս առաջնորդվել են «քաղաքական բանտարկյալ» եզրույթի սահմանման չափանիշներով, որոնք սահմանված են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2012 թվականին ընդունված թիվ 1900 բանաձևում։
Նախորդ ցուցակը, որը հրապարակվել է մայիսի 13-ին, ներառում էր 328 անձ։ Դրանից հետո գրեթե չորս ամսվա ընթացքում 28 անձի բանտարկության ժամկետը լրացրել է, նրանք ազատ են արձակվել։ Ազատ արձակվածների թվում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Զամին Սալաևը, Էլվին Մուստաֆաևը, Այխան Իսրաֆիլովը, երգիծական բանաստեղծ Իբրահիմ Խուդայը և 19 հավատացյալներ։ Միևնույն ժամանակ, ինչպես նշում են փաստաթղթի հեղինակները, այս ընթացքում դատապարտվել են նոր ընդդիմադիր գործիչներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ և հավատացյալներ։
Թարմացված ցուցակում ամենամեծ խումբը կազմում են հավատացյալները՝ 178 մարդ։
Մյուս կատեգորիաները բաշխված են հետևյալ կերպ․
- լրագրողներ և բլոգերներ՝ 31 մարդ,
- իրավապաշտպաններ՝ 7 մարդ,
- ընդդիմադիր կուսակցությունների անդամներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ 46 մարդ,
- էթնիկ ակտիվիստներ՝ 6 մարդ,
- հակապատերազմական ակտիվիստներ՝ 2 մարդ,
- Սոյուդլու գյուղի գործով անցնող՝ 1 մարդ,
- Եվրոպայից արտաքսված քաղաքական էմիգրանտներ՝ 6 մարդ,
- Իմիշլիի գործով դատապարտվածներ՝ 12 մարդ,
- հավատացյալներ՝ 178 մարդ,
- Տերտերի գործով դատապարտվածներ՝ 8 մարդ,
- Գյանջայի գործով դատապարտվածներ՝ 13 մարդ,
- ցմահ ազատազրկման դատապարտվածներ՝ 12 մարդ։
Մայիսյան ցուցակի համեմատ՝ ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների թիվն աճել է 44-ից հասնելով 46-ի, իսկ էթնիկ ակտիվիստների թիվը՝ 5-ից 6-ի։ Միաժամանակ, իրավապաշտպանների թիվը նվազել է 8-ից 7-ի, Իմիշլիի գործով անցնող անձանցը՝ 15-ից 12-ի, իսկ հավատացյալներինը՝ 182-ից 178-ի։ Լրագրողների և բլոգերների թիվը մնացել է անփոփոխ՝ 31 մարդ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

