Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
Քաղաքականություն
02.10.2026 | 11:15
Բաքուն սպասում է միայն մեկ վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանին վերաբերող տարածքային պահանջներին առնչվող փոփոխությունների կատարմանը, որից հետո վերջնական խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա։ Այս մասին Բաքվում կայացած CAMCA-2026 (Central Asia, Mongolia, Caucasus and Afghanistan) տարածաշրջանային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում հաստատվել են խաղաղություն և անվտանգություն, սակայն կարևոր է ապահովել դրանց կայունությունը։ Հաջիևն ասել է, թե տարիներ շարունակվող հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորվել է, և Ադրբեջանը ցուցաբերել է ռազմավարական համբերություն և առաջնորդություն։
«Մենք միշտ ասել ենք, որ հաղթել ենք պատերազմում, սակայն կարևոր էր անել ևս մեկ բան՝ հաղթել խաղաղությունը։ Ինչպես ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ մենք ապրում ենք խաղաղության պայմաններում և նույնիսկ սովորում ենք ապրել խաղաղության պայմաններում։ Այժմ մենք ջանասիրաբար աշխատում ենք, և այսօր տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է։ Սակայն խաղաղությունը չպետք է մնա միայն թղթի վրա»,- հայտարարել է Հաջիևը։
Նա կրկնել է՝ խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման համար Բաքուն ակնկալում է Հայաստանի Սահմանադրությունում համապատասխան փոփոխությունների կատարում։
«Մենք սպասում ենք միայն մեկ վերջին քայլին՝ Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանին առնչվող տարածքային պահանջների վերաբերյալ փոփոխությունների կատարմանը։ Դրանից հետո, կարծում եմ, վերջնական խաղաղության համաձայնագիրը իրականություն կդառնա»,- ասել է նա։
Ալիևի օգնականը նաև հայտարարել է, թե պաշտոնական Բաքվին «մտահոգում են հայկական հասարակության մեջ առկա որոշակի միտումները, մասնավորապես, զգալի ազդեցություն ունեցող ուժերի առկայությունը»։
«Մեկ այլ մտահոգիչ գործոն է այն, որ ռևանշիստական տրամադրությունները պահպանվում են Հայաստանի երիտասարդության շրջանում։ Սա կարևոր հանգամանք է։ Այդ պատճառով մենք նաև կոչ ենք անում Հայաստանի կառավարությանն ակտիվորեն աշխատել՝ իր հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ։ Մենք միշտ ասում ենք, որ ցանկանում ենք այս խաղաղությունը կնքել ոչ միայն Հայաստանի կառավարության և երկրի վարչապետի հետ, այլև ցանկանում ենք այս խաղաղությունը կնքել հայ ժողովրդի հետ։ Այդ պատճառով մենք շարունակում ենք սպասել Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը։ Անշուշտ, սա ներքին հարց է, և մենք լիովին ձեռնպահ ենք մնում այս գործընթացին միջամտելուց»,- ասել է Հաջիևը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

