Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
Հաղորդաշարեր
30.09.2026 | 12:02
Եվրոպայում բացահայտվել է կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա, որի պատճառած վնասը գնահատվում է 300 միլիոն եվրո։ Ոստիկանությունը միաժամանակ ավելի քան 160 խուզարկություն է իրականացրել եվրոպական 19 երկրներում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Եվրոպական դատախազության (EPPO) տվյալներով՝ հանցավոր խմբավորումը 2018 թվականից ի վեր կարող էր վաճառել ավելի քան 1 միլիոն օգտագործված բջջային հեռախոս՝ դրանք ներկայացնելով որպես նոր։
Սարքերը հավաքվել են Հոնկոնգում և ԱՄԷ-ում՝ օգտագործված բաղադրիչներից, այնուհետև վերափաթեթավորվել և Նիդերլանդների տարածքով տեղափոխվել Գերմանիայի պահեստներ։
Սմարթֆոնները վաճառվել են առցանց խանութների և մարքեթփլեյսների միջոցով։ Ենթադրյալ վնասը գնահատվում է շուրջ 300 միլիոն եվրո։ Բացի այդ, ԱԱՀ-ից խուսափելու համար հանցագործների կողմից կեղծ ընկերությունների օգտագործման պատճառով ԵՄ երկրները չեն ստացել ավելի քան 30 միլիոն եվրո եկամուտ, որից առնվազն 25 միլիոն եվրոն՝ Գերմանիայի համար։
Գործողության կենտրոններից մեկը դարձել է Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա դաշնային երկրամասը։ dpa գործակալության փոխանցմամբ՝ Կրեֆելդ քաղաքում գտնվող պահեստում ոստիկանությունը հայտնաբերել է 10-15 հազար կեղծ բջջային հեռախոս։
Եվրոպական դատախազության (EPPO) հաղորդմամբ՝ Ավստրիայում, Գերմանիայում և Իսպանիայում ձերբակալվել է յոթ կասկածյալ, այդ թվում՝ ենթադրյալ հանցավոր սխեմայի կազմակերպիչները։

