«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
Քաղաքականություն
28.09.2026 | 19:57
ԱՄՆ սենատորները կոչ են արել Թրամփի վարչակազմին նպաստել Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակմանը։ Դեմոկրատներ Փիթեր Ուելչը, Թիմ Քեյնը և հանրապետական Թոմ Թիլիսը դիմել են վարչակազմին Ադրբեջանում պահվող առնվազն 300 քաղբանտարկյալների հետ կապված՝ տարածաշրջանում խաղաղությունը խթանելու համար։ ԱՄՆ սենատորները նամակ են հղել նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ արտահայտելով իրենց մտահոգություններն Ադրբեջանում քաղբանտարկյալների իրավիճակի վերաբերյալ, փոխանցում է ադրբեջանական անկախ Meydan TV-ն։
Նամակում նշվում է, որ նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնավարման ընթացքում շարունակվել են անօրինական ձերբակալությունները, արդար դատավարությունների հետ կապված խնդիրները և անկախ լրագրողների, ընդդիմության ներկայացուցիչների և քաղհասարակության ակտիվիստների նկատմամբ ճնշումները։ Սենատորներն ուշադրություն են հրավիրել հաղորդումներին, որ Ադրբեջանում կան ավելի քան 300 քաղբանտարկյալներ։
Չնայած նրանք նշել են, որ աջակցում են Թրամփի վարչակազմի ջանքերին տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, սակայն կոչ են արել, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը որպես պայման ներկայացվի Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության զարգացման համար։
Նամակի հեղինակները նաև հիշատակել են Բելառուսի օրինակը և նշել, որ Թրամփի վարչակազմի կողմից այս երկրում քաղբանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ ձեռքբերումը դրական քայլ է, և նմանատիպ մոտեցում պետք է կիրառվի նաև Ադրբեջանի նկատմամբ։
Վերջին մեկ տարվա ընթացքում Բելառուսում ԱՄՆ պաշտոնյաների հետ բանակցություններից հետո հարյուրավոր քաղբանտարկյալներ են ազատ արձակվել։ Դրա դիմաց Վաշինգտոնը մեղմացրել է Մինսկի նկատմամբ կիրառված որոշ պատժամիջոցներ։
Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակում են ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի, մեդիա փորձագետ Ալասգար Մամեդլիի, մարդու իրավունքների պաշտպաններ Անար Մամեդլիի և Ռուֆատ Սաֆարովի, ներկայում տնային կալանքի տակ գտնվող տնտեսագետ, պրոֆեսոր Գուբադ Իբադօղլուի, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ֆարիդ Մեհրալիզադեի, ընդդիմադիր Թոֆիգ Յագուբլուի և լրագրող Ուլվիյա (Ալի) Գուլիևայի անունները։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

