Մեքենայից դուրս է գցել կնոջը 4-ամյա դստեր աչքի առաջ․ ընտանեկան բռնության մտահոգիչ թվերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.09.2026 | 19:37
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին
25.09.2026 | 19:28
Այգեստանի դպրոցում 6 երեխայի ինքնազգացողությունը վատացել է․ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
25.09.2026 | 19:14
Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը
25.09.2026 | 19:00
Ռոբերտ Քոչարյանը պիտի ազատության մեջ հայտնվի ոչ թե Պուտինի ընկերը լինելու պատճառով, այլ որովհետև ապօրինություն չի գործել․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 18:48
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
25.09.2026 | 18:39
ՀՀ-ի հետ կապերի համար դատապարտված ադրբեջանցի ակտիվիստը դատարանում ինքնավնասում է կատարել
25.09.2026 | 18:30
Մեքենայից դուրս է գցել կնոջը 4-ամյա դստեր աչքի առաջ․ ընտանեկան բռնության մտահոգիչ թվերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 18:21
Թող Փաշինյանը հրաժարվի ՀՀ քաղաքացիությունից, ես կհրաժարվեմ մյուս 2 երկրներինից. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 18:17
Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը հեռացվել է «բարեկարգման աշխատանքներով պայմանավորված»․ քաղաքապետարանի մամուլի խոսնակ
25.09.2026 | 18:15
Խուզարկություն Աբովյանի համայնքապետարանում // Զինծառայողի հանդեպ բռնության ահազանգ ՄԻՊ-ին․ ԼՈՒՐԵՐ
25.09.2026 | 18:09
Ընտրողների թվի կտրուկ նվազում՝ 4 համայնքում․  նոր օրենքի ազդեցությունը ՏԻՄ ընտրությունների վրա
25.09.2026 | 17:54
Հայ դատի առաջնահերթ խնդիրն է պահպանել հայկական ինքնությունը և կանխել ՀՀ-ի թրքացումը. Ռուստամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 17:45
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին
25.09.2026 | 17:36
ԱՄՆ-ն առաջարկել է Ուկրաինային և ՌԴ-ին ԱՄԷ-ում եռակողմ հանդիպում անցկացնել․ Զելենսկի
25.09.2026 | 17:28
Էնթոնի Ջոշուայի ու Թայսոն Ֆյուրիի մենամարտի մրցանակային հիմնադրամը՝ 200 միլիոն դոլար
Բոլորը

Վիճաբանել է կնոջ հետ, ապա հրելով դուրս գցել ընթացող մեքենայից․ այս ամենը կատարվել է նրանց 4-ամյա դստեր աչքի առաջ։ Սահմռկեցուցիչ ֆիլմի սցենար հիշեցնող դեպքը տեղի է ունեցել շուրջ 5 ամիս առաջ՝ Հայաստանի մարզերից մեկում։

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տուժողի ամուսինը 2025 թվականի հուլիսի 7-ից մինչև 2026-ի ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել վերջինիս։ Միևնույն ժամանակ, վերջին վիճաբանության ընթացքում՝ 2026թ. ապրիլի 24-ին, ավտոմեքենայից ընթացքի ժամանակ հրելու միջոցով գցել է նրան, ինչի արդյունքում նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող։ Վերոնշյալ բոլոր գործողությունները կատարվել են նրանց չորսամյա դստեր ներկայությամբ, ինչի արդյունքում երեխային պատճառվել է հոգեկան ուժեղ տառապանք»,- Factor TV-ի հետ զրույցում քրեական վարույթից մանրամասներ է ներկայացնում ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչ Արգիշտի Թորոսյանը։

Ստացվում է՝ 33-ամյա կինը բռնության է ենթարկվել 10 ամիս շարունակ, այն էլ՝ մանկահասակ երեխայի ներկայությամբ։ Ավելին, ընթացող մեքենայից հրելու միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 24-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել մայիսի 7-ին, երբ կինը գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել։

«Առհասարակ, մինչ այդ որևէ հաղորդում կնոջ կողմից չի եղել, նշված դեպքում ևս կինը հաղորդում չի ներկայացրել, կինը գտնվել է բժշկական կենտրոնում, և հաղորդումը, ըստ էության, ստացվել է հենց բժշկական կենտրոնից: Վիճաբանությունները հիմնականում ծագել են չնչին առիթներից, կրել են կենցաղային բնույթ, սակայն հատկանշականն այն է, որ բոլոր դրվագներում ներկա է եղել նրանց չորսամյա դուստրը, ինչի արդյունքում երեխային ևս պատճառվել է հոգեկան ուժեղ տառապանք»,- նշում է Թորոսյանը։

Կնոջ 35-ամյա ամուսնու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել մերձավոր ազգականի կողմից հոգեկան ուժեղ տառապանք և ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու հոդվածի հատկանիշներով՝ միանգամից 4 դրվագով, ինչպես նաև 4 դրվագ էլ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածով։ Տղամարդն այս պահին կալանավորված է, գործն ուղարկվել է դատարան։

Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների թիվն ամեն տարի աճում է․ եթե 2024 թվականին քննվել է 2309 քրեական վարույթ, որից 405-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, ապա 2025 թվականին թիվն աճել է՝ դառնալով 2398 քրեական վարույթ։ Միայն այս տարվա անցած 6 ամիսների ընթացքում ընտանեկան և կենցաղային բռնության վերաբերյալ քննվել է շուրջ 1794 քրեական վարույթ։ Բռնության դեպքե՞րն են շատացել, թե՞ համակարգի հանդեպ վստահությունն է մեծացել։

«Ընտանեկան բռնության մասով, երբ երկրում արդեն իսկ ընդունվում են օրենսդրական կարգավորումներ և մարդիկ գիտեն, թե ում դիմել և ինչպիսի պաշտպանության միջոցներից օգտվել, դիմելիությունը բոլոր երկրներում այդ ժամանակահատվածում բարձրանում է: Դա կապված է ոչ այնքան ընտանեկան բռնության աճի, որքան դիմելիության»,- ասում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

Թեև դիմելիության և իրավապահ համակարգի հանդեպ վստահության աճ է նկատվում, այնուամենայնիվ, հատկապես մարզերում և հեռավոր գյուղերում ընտանեկան բռնության դեպքերը շատ հաճախ մնում են տան 4 պատերի ներսում, տուժող կինն էլ՝ վախը սրտում տանում հերթական բռնությունը։

Նմանօրինակ պատմությունները, ցավոք, շարունակվում են այնքան ժամանակ, քանի դեռ բռնության ենթարկվողը կյանքին սպառնացող իրական վտանգ չի զգում։

Ընտանեկան բռնության դեպքերի վրա ուշադրություն հրավիրելու արշավ ամիսներ առաջ սկսեց  վարչապետի տիկին Աննա Հակոբյանը. «Սիրելի՛ կանայք, միայն մենք կարող ենք իրար օգնել և իրար պաշտպանել, պետք է սկսել համարձակ խոսել այս մասին՝ հայտարարելով, որ չենք հանդուրժելու այլևս բռնությունը մեր ընտանիքներում»։

Հակոբյանը ոչ միայն բարձրաձայնում է, այլև իր մոտ հրավիրում բռնության ենթարկված կանանց և նրանց պատմությունը ներկայացնում հանրությանը։

Վարչապետի տիկնոջ սկսած արշավի շրջանակում մշակվել է օրենսդրական նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է ընտանեկան բռնությունը դիտարկել առանձին հանցագործություն։

«Այսօր պետությունը գրեթե ամբողջ բեռը թողնում է բռնության զոհի վրա, որ ներկայացնի հաղորդում, հետագայում՝ ընթացքավորվի։ Նախագծով առաջարկում են այս դեպքում չկապել գործընթացը տուժողի բողոքի կամ հաղորդման հետ և բոլոր դեպքերը դարձնել հանրային մեղադրանքի առարկա, այսինքն՝ բոլոր դեպքերում պետությունն արձագանքելու է, սկսվելու է քրեական վարույթ, և պատշաճ կերպով գնալու ենք հետագա ընթացքով։ Կարևոր է, որ բացառում ենք գործընթացի ընթացքում հաշտության գործընթացը»,- Կառավարության նիստում նախագիծը ներկայացնելիս նշում է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Հաշտության հիմքով բռնության մասին վարույթների կարճումը մատնանշում են նաև իրավապահ մարմինները։ Քննիչ Արգիշտի Թորոսյանն ընդգծում է՝ շատ հաճախ բռնության ենթարկված կանայք իրենց են մեղադրում՝ բռնարար ամուսիններին պատասխանատվության տանելու համար։

«Հատկանշական են նաև այդ դեպքերը, երբ, օրինակ, տուժողը հաշտվում է մեղադրյալի հետ և չի ցանկանում, որպեսզի մեղադրյալը ենթարկվի քրեական պատասխանատվության, սակայն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը ուղղակիորեն արգելում է տուժողի և մեղադրյալի միջև հաշտության առկայության հիմքով կարճել քրեական վարույթը, և իմանալով այդ մասին, տուժողը իր հերթին սկսում է մեղադրել քննիչին, ասելով որ քննիչը, դատախազը կամ ոստիկանը խառնվում են իրենց անձնական կյանքին»,- ընդգծում է Թորոսյանը։

Ոչ միայն պետք է բռնության ենթարկված անձին պաշտպանել, այլև բռնություն ենթարկողի վարքային փոփոխության վրա աշխատել, որի վերաբերյալ այս տարի մեկնարկել է նոր ծրագիր Աշխատանքի և բարեկեցության նախարարության հետ միասին։ Ծրագիրն արդեն ունի 28 շահառու տղամարդ։

«Դրա շրջանակում հնարավոր է որոշակի փոփոխություն արձանագրել բռնություն գործադրած անձանց վարքում: Որովհետև մենք շատ խորը խնդիր ունենք նաև հետագայում, թե ինչ է լինելու այդ դեպքերի հետ. պատժեցինք, ավարտեցինք, նստեց, դուրս եկավ, ամենածանր պատիժը կրեց, շատ լավ, բա հետո՞ ինչ է լինելու: Լավ, այդ կնոջից կարողացանք պոկել, բա հաջորդ կնոջ հետ ի՞նչ է լինելու: Այսինքն, պիտի փոխվի բռնության աղբյուրը: Անկախ պատժելիության զսպիչ գործառույթից, մենք պետք է ունենանք վարքային փոփոխություն, որովհետև պատժելիությունը վարք չի փոխում, պատժելիությունը վախեցնում է»,- ընդգծում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

Ընտանեկան բռնությունն առանձին հանցագործություն դարձնելու նախագիծն այս պահին քննարկման փուլում է․ ի՞նչ փոփոխություններով և առաջարկներով այն կգնա խորհրդարան, դեռ անորոշ է։

Մինչ այդ, Հայաստանի մեծ ու փոքր համայնքներում ինչ-որ մեկը, գուցե, հենց այս պահին ընտանեկան բռնության է ենթարկվում։ Հանրությունն ու իրավապահները կիմանա՞ն այդ մասին․ բացի բռնության ենթարկվածից՝ մեծապես կախված է  ընտանիքի մյուս անդամների ու հարևանների մոտեցումից։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան