Թաթայի ելույթի 1 րոպեն՝ 2 մլն 400 հազար դրամ․ որքան են գնահատվել մյուս արտիստների կատարումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մշակույթ
22.09.2026 | 20:10Անկախության 35-ամյակի համերգին պետք է հնչեր նաև «Սարդարապատ» երգը, սակայն երգչուհի Աննա Ավետիսյանը պատմում է, որ այն համերգից ժամեր առաջ հանվել է երգացանկից։ Երգը պետք է կատարեին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախումբը։
«Ի սկզբանե Հովհաննես Չեքիջյանի անվան ակադեմիական երգչախումբը և սիմֆոնիկ նվագախումբը պարապել են «Սարդարապատ» ստեղծագործության վրա՝ և՛ առանձին, և՛ համատեղ։ Նույնիսկ երբ երկու օր առաջ փորձ արեցինք, դա ևս փորձեցինք, բայց, փաստորեն, համերգից մի քանի ժամ առաջ պարզ դարձավ, որ «Սարդարապատ»-ը հանվել է, թե ինչ պատճառով, ես տեղյակ չեմ»,- Factor TV-ին ասաց Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախմբի կատարող Աննա Ավետիսյանը։
Ո՞վ է որոշել, որ ստեղծագործությունը պետք է չհնչի և ի՞նչ հիմնավորմամբ․ մեր այս հարցերին ԿԳՄՍ նախարարությունից միայն փոխանցեցին, որ ստեղծագործական գործընթացում քննարկվել են տասնյակ տարբերակներ, և որոշվել է կատարել Արամ Խաչատրյանի «Հանդիսավոր պոեմը»։ Ավելի մանրամասն պատասխանի համար նախարարությունից հորդորեցին դիմել գրավոր։
Մինչ պարզ կդառնա «Սարդարապատ»-ի չհնչելու պատճառը, Factor TV-ն ուսումնասիրել է Հանրապետության հրապարակում արտիստներից յուրաքանչյուրի ելույթների տևողությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ամենաբարձր հոնորարը ստացել է Թաթա Սիմոնյանը՝ 20 միլիոն դրամ, որը ներառում է նաև ԱԱՀ-ն։ Ամենաքիչ հոնորարը ստացել են օպերային երգիչները՝ Լիպարիտ Ավետիսյանը, Գևորգ Հակոբյանը և Հասմիկ Թորոսյանը՝ 2 միլիոն 700 հազարական դրամ։
Այսպես, 20 մլն ստացած և Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորած Թաթա Սիմոնյանը կատարել է 3 երգ, ելույթի տևողությունը 12 րոպե 45 վայրկյան։ Նա ասաց՝ «Խոսում է Երևանը» երգը նվեր է։
«Շնորհավորում եմ աշխարհի բոլոր հայերին, շնորհավորում եմ Երևան ժամանած հյուրերին՝ բարձրաստիճան կամ իմ նման հասարակ, շնորհավորում եմ մեր երկրի պետական այրերին՝ մեր վարչապետի գլխավորությամբ, շատ ուրախ եմ, որ այս համերգի մի փոքրի մասնիկն եմ կազմում, էս երգը նվեր էր էս օրվան»,- ասաց երգիչը։
Ստացվում է, որ «Խոսում է Երևանը» Թաթան անվճար է երգել, և վճարվել է միայն 8 րոպե 21 վայրկյան ընդհանուր տևողությամբ երկու՝ «Անապատի արև» և «Շեկ ու սևահեր» երգերի համար։ Այս հաշվարկով Թաթա Սիմոնյանի ելույթի մեկ րոպեն հարկատուների գրպանից արժեցել է շուրջ 2 միլիոն 400 հազար դրամ։
Նրանից հետո ամենաշատ հոնորարը ստացել է Արման Հովհաննիսյանը՝ 17 միլիոն 340 հազար դրամ։ Նա կատարել է երեք երգ՝ «Տեր Աստված», «Օրեր-օրեր» և «Սիրենք կյանքը»․ վերջինը զուգերգ էր Սարո Թովմասյանի հետ։
Արման Հովհաննիսյանի մենակատարման տևողությունը եղել է 7 րոպե 50 վայրկյան, իսկ ելույթի ընդհանուր տևողությունը՝ 10 րոպե 55 վայրկյան։ Եթե հաշվում ենք Հովհաննիսյանին հատկացված բեմական ժամանակը, ապա մեկ րոպեի համար նրան վճարվել է մոտ 1 միլիոն 588 հազար դրամ։
Ռոլանդ Գասպարյանը 9 միլիոն 420 հազար դրամի դիմաց նույնպես 3 երգ է կատարել՝ «Աշխարհումս իմն դուն իս», «Թարմ ծաղիկներ» և «Կանցնեն օրեր»։ ելույթների ընդհանուր տևողությունը՝ 12 րոպե 5 վայրկյան։ Ստացվում է՝ Ռոլանդ Գասպարյանին մեկ րոպեի համար հատկացվել է մոտ 780 հազար դրամ։
8 միլիոն դրամ ստացած Սարո Թովմասյանը կատարել է 4 երգ, որոնցից մեկը Արման Հովհաննիսյանի հետ զուգերգն էր։ Ընդհանուր առմամբ, Սարո Թովմասյանի ելույթը տևել է 13 րոպե 10 վայրկյան։ Այսինքն՝ նրան 1 րոպե երգելու համար վճարել են շուրջ 608 հազար դրամ։
Արամ MP3-ն և Իվետա Մուկուչյանը ստացել են 5 միլիոն 400 հազարական դրամ։ Նրանք զուգերգով կատարել են «Դաշտերով» երգը․ Արամ MP3-ն երեկոյի ընթացքում կատարել է երկու երգ․ զուգերգը ներառյալ՝ նրա ելույթի տևողությունը կազմել է 10 րոպե 32 վայրկյան։ Վերջին երգը՝ «Հայաստանս», ուղեկցվել է հրավառությամբ։ Ստացվում է՝ 1 րոպե երգելու դիմաց Արամ MP3-ն ստացել է շուրջ 475 հազար դրամ։
Արամ MP3-ի հետ զուգերգը ներառյալ՝ Իվետա Մուկուչյանը երգել է 14 րոպե 58 վայրկյան։ Նա միայնակ կատարել է 3 երգ՝ «Հայաստան ջան», «Սեր կա երկնքում Երևանի» և «Սիրում եմ»։ Ստացվում է, որ մեկ րոպե երգելու համար երգչուհուն վճարվել է 334 հազար դրամ։
Արտիստները երգում էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և «Կարեն-Սևակ բենդ»-ի նվագակցությամբ․ յուրաքանչյուրին հատկացվել է 13 միլիոն 344 հազարական դրամ։
Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում կայացած միջոցառման համար Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 1 միլիարդ 31 միլիոն 453 հազար դրամ կամ մոտ 2 միլիոն 840 հազար դոլար։
Միջոցառումը կազմակերպել է 2018 թվականի մայիսին հիմնադրված «Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերությունը։ Գումարը հատկացվել է որպես ուղիղ դրամաշնորհ՝ առանց մրցույթ հայտարարելու, ինչը ԿԳՄՍ նախարարությունը հիմնավորել է հարցի հրատապությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան

