ՌԴ-ի մտցրած սահմանափակումների պատճառը Փաշինյանի քաղաքականությունն է․ ՀՀ-ն չպիտի բախումների հարթակ դառնա․ Տիգրան Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
11.09.2026 | 20:00ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Տիգրանաշենի «հանձնման» հնարավորությանը, Արծվաշենի հարցին, ռուսական ռազմաբազայի ճակատագրին և իշխանության վարած արտաքին քաղաքականությանը։
Այն հարցին, թե որտեղից է տեղեկությունը, որ ՔՊ-ն պատրաստվում է հանձնել Տիգրանաշեն գյուղը, Տիգրան Աբրահամյանը պատասխանել է.
«Գիտեք, վերջին շաբաթներում կառավարության ղեկավարի կողմից որոշակի արձագանքներ եղան այդ թեմայով։ Կառավարության ղեկավարը նախընտրեց, մասնավորապես, ձեր կողմից նշված տերմինը՝ Տիգրանաշենի փոխարեն, մինչդեռ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքով Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետությունում բնակավայր է և Հայաստանի Հանրապետության մաս է։
Ինչ վերաբերում է բուն դելիմիտացիայի գործընթացին։ Երկուսուկես տարի առաջ մեկնարկած պրոցեսը սկսվեց Տավուշի մարզում, և կողմերը նշում էին, պնդում էին, որ դելիմիտացիան պետք է գնա հյուսիսից հարավ։ Այսօր տեսնում ենք՝ պրոցեսը կանգնած է։ Երբ որ եկավ այն ժամանակը, երբ որ պետք է հայկական կողմին տարածքի վերադարձ լիներ, այսինքն՝ մեր սուվերեն տարածքը պետք է վերադարձվեր Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես Պառավաքարի մասին եմ նշել՝ 1400 հեկտար, այնտեղ մենք մեր ինքնիշխան տարածքից ունենք հետ ստանալու, գործընթացը կանգնեց։
Այսօր մենք մեզիջներ ենք ստանում կառավարության ղեկավարից, որ Տիգրանաշեն չի, այլ ադրբեջանական անվանումով գյուղ է՝ Քյարքի։ Գիտե՞ք, դրա մասին Հայաստանի վարչապետը չէ, որ պետք է խոսի։ Հայաստանի վարչապետը պետք է կենտրոնանա մեր կողմից ստանալիք տարածքների վրա, այլ ոչ թե Ադրբեջանի կողմից թելադրվող օրակարգ մտնի և ադրբեջանական թեզերը Հայաստանի կառավարությունում և Հայաստանի խորհրդարանում տարածի»։
Ի պատասխան դիտարկման, թե Տիգրանաշենը հայկական կողմի վերահսկողությանն է անցել 90-ականներին կամավորական ջոկատների միջամտությամբ, և թե ինչ հիմքով է ընդդիմությունը պահանջում Արծվաշենը, պատգամավորը նշել է.
«Ես Ադրբեջանից երբեք չեմ տեսել, որ, օրինակ, Իլհամ Ալիևը հայտարարի, որ Արծվաշենը Հայաստանի Հանրապետության մաս է և նման խոսույթ լինի, ինչպիսին Հայաստանի կառավարության ղեկավարն է իրեն թույլ տալիս Տիգրանաշենի հարցում։ Տիգրանաշենի մասին որևիցե քննարկում չպիտի հիմա լիներ։ Դա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքում Հայաստանի Հանրապետության մաս է, որի վերաբերյալ էլ մենք նաև մեր զարգացման տեսլականն ենք ներկայացրել։ Այն ստրատեգիկ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար, այստեղով է անցնում Հայաստան-Իրան ճանապարհը, Երևան-Վայոց Ձոր, Երևան-Սյունիք ճանապարհը, և զրկվել այդ ճանապարհից՝ մեծ ռիսկեր են»։
Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանի վարչապետը բանակցություններից առաջ թուլացնում է դիրքերը. «Հիմա վաղը որ Հայաստանի կառավարության ղեկավարը գնա հանդիպման, պա՞րզ չի, որ ասելու են՝ դե ասել ես, որ դա ադրբեջանական է։ Ինքն էլ ասելու է՝ դե հա, Արծվաշենի հարց կա պնդելու, ասելու է՝ բայց ես չեմ ասել, որ… Այսինքն՝ դուք հասկանո՞ւմ եք, որ Հայաստանի վարչապետը բանակցություններից առաջ դիրքերը թուլացնում է։ Ինչի՞ համար, ինչի՞ ենք մենք էդ զիջողական գիծը բռնել ու շարունակում»։
Խոսելով ընդդիմության կողմից 300.000 ադրբեջանցիների վերադարձի թեմայի բարձրաձայնման մասին՝ Աբրահամյանը պնդել է, որ դա ոչ թե շանտաժ է, այլ փաստերի վրա հիմնված ահազանգ.
«Այն, ինչ որ ասում էր Հայաստանի կառավարության ղեկավարը, դա շանտաժ էր, այն, ինչ որ մենք ենք ասում, փաստացի, մենք գիտենք ընդհանրապես ոնց է լինում էլի։ Ադրբեջանի նախագահը մի բան է հայտարարում, Ադրբեջանից մի բան է հայտարարվում, սկզբից հայկական կողմը լռում է կամ պաշտոնական արձագանք չի տալիս էդ թեմայով, հետո տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը էլի է պնդում էդ հարցը, ինչպես սահմանադրության, հայկական կողմը էլի տենց հստակ պատասխան չի տալիս… հետո տեսնում ենք, որ մի օր Հայաստանի վարչապետը սկսում է հայտարարել, որ գիտե՞ք ինչ կա, որ հիմք է ստեղծում նման հարցի քննարկման համար։ Եկե՛ք հակասաֆարովյան օրենքը ընդունենք, որի համաձայն ադրբեջանցիները Հայաստանի Հանրապետություն կկարողանան այցելել մենակ 10 օրով՝ տուրիստական նպատակներով, չեն կարողանալու ձեռք բերել հողի նկատմամբ սեփականության իրավունք, չեն կարողանալու նաև բնակարաններ ձեռք բերել, այսինքն սահմանափակումներ կդրվեն»։
Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմանը և դրա տնտեսական հետևանքներին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղարը նշել է.
«Շատ ցավով պետք է նշենք, որ այսօրվա դրությամբ գործող իշխանությունների ապաշնորհ քաղաքականության արդյունքում այսօր ունենք այնպիսի մի իրավիճակ, որ երկար տարիներ հայ գյուղացին, հայ ֆերմերը, հայ ձեռնարկատերը երկար տարիների աշխատանքը ջուրն է գնում ուղղակի։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, գիտեք, պետք է ընդհանուր ամբողջ նախապատմությունը նայել։ Դրան նախորդել են մի քանի իրադարձություն։ Գիտեք, որ Հայաստան էր ժամանել Ուկրաինայի նախագահը, և այստեղից հակառուսական հայտարարություններ արեց։ Դրանից անմիջապես հետո տեղի ունեցավ այն, որ Ռուսաստանը սահմանափակումներ մտցրեց։ Հայկական կողմը կրում է այս ամեն ինչի պատասխանատվությունը, և դրա պատճառը նաև մեր արտաքին քաղաքականության սխալ կոնյունկտուրան է։ Մենք չպետք է մեր հարաբերությունները բոլոր կողմերի հետ կառուցել հակադրությունների վրա»։
Խոսելով Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին՝ Աբրահամյանն ասել է.
«Բոլոր քայլերը պետք է բխեն Հայաստանի Հանրապետության ազգային շահից։ Այսինքն, եթե մենք ինչ-որ մի բանից հրաժարվում ենք, մենք պետք է նաև հասկանանք՝ որն է դրա այլընտրանքը։ Եթե Հայաստանի Հանրապետության ազգային շահից բխում է, որ Հայաստանը պետք է, օրինակի համար, խորացնի հարաբերությունները այս կողմի հետ կամ այն կողմի հետ, անպայման պետք է հետևել դրան։ Հայաստանի ազգային շահը, պետական շահը ամենակարևոր բանն է»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

