«Հայաստան» դաշինքը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում փոխնախագահի թեկնածու չառաջադրեց
Քաղաքականություն
11.09.2026 | 13:07Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում օրակարգային երկրորդ հարցը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը, չկայացավ, քանի որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը թեկնածու չառաջադրեց:
Հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը նիստի մեկնարկին հիշեցրեց, որ Դոնթի բանաձևով տվյալ պաշտոնը վերապահված է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությանը: Ի պատասխան՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարեց, որ տվյալ պահին իրենք թեկնածու չեն առաջադրում.
«Դուք ճիշտ նշեցիք, որ Դոնթի բանաձևով այն ընդդիմությանն է հասնում։ Սահմանադրական դատարանի վերջին որոշումը մեկնաբանվում է այնպես, որ «Ուժեղ Հայաստանի»-ի մեր գործընկերներին փոխանցել չենք կարող, ուստի այս պահի դրությամբ թեկնածու չենք առաջադրում»,- նշեց Խամոյանը։
Քննարկման ընթացքում ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նշեց, թե հնգօրյա ժամկետում առաջադրում չլինելու դեպքում տեղը պետք է փոխանցվի առավելագույն ձայներ ունեցող խմբակցությանը: Այս պնդմանը, սակայն, հակադարձեց նիստը նախագահող Արուսյակ Ջուլհակյանը՝ ընդգծելով, որ Քոչարյանի տեղեկությունը հնացած է. Սահմանադրական դատարանի որոշմամբ հստակեցվել է, որ տեղերի բաշխումը պետք է պահպանի մանդատների համամասնությունը, և եթե առաջադրում չկա, ապա պարզապես օրակարգ չկա, ու ամեն 5 օրը մեկ նիստ չի գումարվելու:
Այնուհետև ծավալուն իրավական դիտարկումներով հանդես եկավ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: Նա ընդգծեց, որ ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել հենց այն կարգավորումը, որով իշխանական մեծամասնությունը, ընդդիմադիր թեկնածուին չընտրելով, պաշտոնն իրեն էր վերապահում։
«ՍԴ որոշման համաձայն՝ ընդդիմադիր խմբակցությունն ունի թեկնածու առաջադրելու պարտականություն: Իսկ ի՞նչ պետք է լինի դրա հայելային արտացոլանքը մյուս կողմում. մի՞թե այն, որ մեկ կողմն ունի պարտականություն, իսկ դիմացինն ունի բացարձակ հայեցողությո՞ւն՝ չընտրելու: ՍԴ որոշման իմաստը նրանում էր, որ իշխանություն-ընդդիմություն համամասնությունը չխաթարվի: Մենք տեսել ենք դեպքեր, երբ Դոնթի բանաձևով ընդդիմությանը հասանելիք տեղի թեկնածուին քննարկումների արդյունքում իշխանությունը չի ընտրել, դեմ է քվեարկել, ինչն իրավունքի տեսանկյունից խնդրահարույց է»,- նշեց Վարդևանյանը:
Արուսյակ Ջուլհակյանը հակադարձեց․ «ՍԴ որոշման մեջ որևէ ուղիղ նշում չկա, որ մեծամասնությունը պարտավոր է քվեարկել ընդդիմության թեկնածուի օգտին: ՍԴ-ի հիմնական շեշտադրումն այն է, որ պաշտոնների բաշխումը պետք է արտացոլի մանդատների համամասնությունը: Մենք անձերի խնդիր չենք տեսնում, խնդիրը համամասնության և օրենքի տառի պահպանումն է»:
Առաջադրում չլինելու պատճառով հարցի քննարկումը փակվեց:
Մանրամասները՝ տեսանյութում։

