ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
08.09.2026 | 19:30Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանը վստահ է, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Գագիկ Խաչատրյանը քաղբանտարկյալներ չեն։ Factor TV-ի հետ զրույցում նա նշել է, որ այդ մարդիկ այնքան մեծ հանցագործություն են գործել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որ այն աներևակայելի է։
«Այսօրվա մեր փորձանքների զգալի բաժինը՝ թե՛ Արցախի կորուստը, թե՛ Հայաստանի Հանրապետության ներկայիս տնտեսական դժվարությունները, ներկայիս հանրային-հումանիտար աղետալի իրավիճակը, նաև ներկայիս իշխանությունների որակական ձևը, տիպը, հենց այդ մարդկանց տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության հյութերը քամելու պատճառահետևանքային կապն է»,- ասել է Սիմոնյանը։
Ըստ նրա, այս մարդկանց մոտիվացիան եղել է մեծահարուստ դառնալը, սակայն նրանք չեն հասկացել, որ «մեծահարուստ լինելը շատ փող ունենալը չի»։ «Նրանք շատ փող ունեցող աղքատներ են։ Նրանք մարդիկ են, որ կարող էին ամենաթանկարժեք մեքենաները իրենց թույլ տային, բայց վրան գազ դնեին։ Նրանք կարող էին արագությունը գերազանցեին, բայց պետավտոտեսչության տուգանքից խուսափելու համար մարդ մեջ գցեին»։
Սիմոնյանը նշել է, որ այս մարդկանց պատժին կանգնեցնելը օրինաչափ է, և ինքը մեկ հարց ունի ներկայիս իշխանություններին՝ ինչո՞ւ հիմա։ «Սա ուշ է, ութը տարի հետո ինչի՞ են անդրադառնում այս ծավալով, ինչի՞ ավելի վաղ չէր»։
Հայ-ռուսական հարաբերությունները և, մասնավորապես, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ապագան դարձել են հայաստանյան քաղաքական դաշտի ամենաթեժ և բևեռացնող թեմաներից։ Գուրգեն Սիմոնյանը Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան դիտարկում է ոչ թե որպես անվտանգության երաշխիք, այլ «թշնամական ուժ» Հայաստանի թիկունքում, և պահանջում է դրա ներկայությունը «օր առաջ վերջացնել»։ Նա Ռուսաստանի Դաշնությանը բնութագրել է որպես Հայաստանի պետականությանը պատմականորեն խոչընդոտող ուժ։
«Ռուսաստանի Դաշնությունն է եղել ուխտադրուժ, զավթող, բռնազավթիչ և հին քաղաքակրթություն հանդիսացող հայ ժողովրդի պետականամետ և պետականաստեղծ գործընթացը խեղդամահ անող մի ուժ»,- ասել է Սիմոնյանը՝ շեշտելով, որ ներկայիս հարաբերությունների ճգնաժամը այս պատմական համատեքստում պետք է դիտարկել։
Նրա համոզմամբ՝ Հայաստանը Ռուսաստանի համար ռազմավարական կարևորագույն հենակետ է եղել տարածաշրջանում։ «Հայաստանի Հանրապետությունը միակ օջախն է, որտեղ իրենք ներկայություն են ապահովում, որի միջոցով ներկայություն են ապահովում Մերձավոր Արևելքում։ Սիրիայից հեռացան, առաջինը Ադրբեջանից հեռացան, հետո Վրաստանից հեռացան։ Հիմա էլ պատկերացրեք, որ Հայաստանից են հեռանում։ Ստացվում է, որ Սև ծովի ամբողջ հարավային հատվածը՝ կովկասյան լեռնաշղթայով հանդերձ մինչև Կասպիցի հարավային հատվածներ, ամբողջ իրենց վերահսկողության տիրույթից դուրս է գալիս։ Կայսրությունների համար սա աղետ է»։
Այս տրամաբանությունից ելնելով, ըստ Սիմոնյանի, Ռուսաստանը ամեն ինչ կանի՝ իր ազդեցությունը պահպանելու համար՝ ընդհուպ մինչև սպառնալիքների կիրառում։ Նա վարչապետ Փաշինյանի առաջիկա մոսկովյան այցը համարում է «անիմաստ», քանի որ այն տեղավորվում է հենց ռուսական ռազմավարության շրջանակում։
Հարցին, թե ինչպես է գնահատում ռուսական ռազմաբազայի դերը Թուրքիայից ենթադրյալ վտանգները հաղթահարելու հարցում, Սիմոնյանը կտրուկ է արտահայտվել. «Մեր տեսակետից՝ օր առաջ պետք է ռուսական ռազմական, զինվորական ներկայացվածությունը Հայաստանի Հանրապետությունում վերջացնել։ Բա դա թշնամական ուժեր են թիկունքում։ Թշնամական ուժեր են թիկունքում, որքան կարելի է պնդել»։
Նա նաև քննադատել է նախկին իշխանություններին՝ նրանց մեղադրելով Ռուսաստանի ազդեցության տակ գործելու և պետության հզորացման հնարավորությունները բաց թողնելու մեջ՝ նշելով, որ Հայաստանը վերջին 40 տարիների ընթացքում չի կարողացել կայացնել «նորմալ պետություն, դիմադրողունակ, մրցունակ»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

