Նիկոլ Փաշինյանը բացեց ՌԴ-ի ռազմաբազայի հեռացման հարցը, մի՛ ճնշեք պատժամիջոցներով, վարձավճարի հարց կբարձրացնենք․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
07.09.2026 | 19:15«Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի համոզմամբ՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ կիրառվող տնտեսական ճնշումներն ու հիբրիդային սպառնալիքները վկայում են ոչ թե ՌԴ-ի ուժի, այլ թուլության մասին։ Factor TV-ին տված հարցազրույցում նա վերլուծել է հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը պատմական հնարավորություն է Հայաստանի համար՝ վերջնականապես անկախանալու և իր ինքնիշխանությունը կայացնելու համար։
«Հայաստանի առջև հնարավորությունների մեծ պատուհան է բացվել։ Իրականում հիմա Ռուսաստանն այն վիճակում է, որ ուղղակի մեղք է մեր կողմից՝ չօգտվել այս հնարավորությունից և չանկախանալ վերջապես։ Այդ կախվածությունները, որ այսօր կան, այլ ժամանակաշրջան, այլ ավելի հարմար ժամանակ դժվար թե լինի դրանք վերացնելու կամ նվազեցնելու համար», – նշել է Խուրշուդյանը։
Ըստ նրա՝ Ռուսաստանի արձագանքման ռեսուրսն էապես նվազել է, և կիրառվող պատժամիջոցներն ավելի շատ խորհրդանշական բնույթ են կրում՝ ուղղված ներքին «հինգերորդ շարասյանը» կերակրելուն և հասարակությանը վախեցնելուն։
Խուրշուդյանը շեշտում է, որ ռուսական ճնշումներին զուգահեռ Արևմուտքը կոնկրետ քայլեր է ձեռնարկում՝ Հայաստանին աջակցելու համար։ Որպես օրինակ՝ նա բերում է Եվրամիության որոշումը՝ 80%-ով ազատականացնել շուկան հայկական ապրանքների համար՝ վերացնելով մաքսատուրքերն ու քվոտաները։
«Սա զուտ քաղաքական պատճառաբանություններով է, և այդ քաղաքական պատուհանն է, որ բացվել է Հայաստանի համար։ Աշխարհը պատուհան է բացել Հայաստանի համար՝ ազատագրվելու։ Մնում է՝ Հայաստանն օգտագործի այդ պատուհանը, և, կարծես թե, իշխանությունները դա անում են, և դա բավական մեծ գոհունակություն է առաջացնում թե՛ հասարակության, կարծում եմ, մեծամասնության, համենայնդեպս, առողջ հասարակության մոտ, և բնականաբար՝ թե՛ մեզ մոտ»։
Անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործոնին՝ բանախոսը այն որակել է ոչ թե անվտանգության երաշխիք, այլ սպառնալիք և ճնշման գործիք։ Նա պնդում է, որ բազան երբեք չի կատարել իր պարտավորությունները, մասնավորապես՝ Հայաստանի սահմանները պաշտպանելու գործում, և անգամ նպաստել է ադրբեջանական ագրեսիային։
«Ո՞րն է զսպման գործոնը։ Ժամանակ է եղել, հնարավորություն է եղել, որ դա ապացուցվի, որ դա զսպման գործոն է։ Ադրբեջանը հարձակվեց, ինքը չպաշտպանեց։ Ավելին, որտեղ որ իր հենակետներն էր, այդտեղ ինքը մի օր առաջ հենակետները հետ քաշեց՝ դատարկ թողնելով այդ տարածքները, այդ պոստերը, և ադրբեջանցիներն այդտեղ հանգիստ եկան, մտան, նույնիսկ դիմադրություն չարժանացան, որովհետև հայեր չկային, այնտեղ ռուսները պիտի պաշտպանեին։ Հակառակը՝ դա հրավերի գործոն էր, գոնե այդ ժամանակ, երբ որ հրավիրեցին, ասացին՝ այստեղ համեցեք, այստեղ դիմադրող չկա, եկեք, գրավեք։ Ի՞նչ զսպման գործոն։ Դա տրոյական ձի է մեր թիկունքում՝ ծվարած։ Նույնն անելու են թուրքերի հետ»։
Ի պատասխան այն տեսակետի, թե Հայաստանը հանուն Արևմուտքի անորոշ ապագայի հրաժարվում է ԵԱՏՄ-ի տված կոնկրետ տնտեսական օգուտներից, Հովսեփ Խուրշուդյանը հակադարձել է.
«Հարցն այն է, որ սա թողածի հարց չի։ Սա թողած չի, էլի, ռուսներն են կտրել դա։ Ի՞նչ հարաբերությունները բարելավել։ Բարելավել՝ ասում են՝ ուրեմն դու պետք է հրաժարվես քո շահերից, հրաժարվես հարստանալու հնարավորությունից։ Հիմա քո երկրով հազար ու մի ճանապարհներ կարող է անցնեն, որից դու շահես՝ նավթատարներ, գազատարներ, երկաթգիծ, մալուխներ, հոսանքի գծեր։ Այդ ամեն ինչից պիտի հրաժարվես, որպեսզի մնաս այդ մեր ասեղից կախված, մենք քեզ այդ քո նաղդը կտանք։ Նա՞ղդն ես ուզում, քո նաղդը կտանք, մի կերպ յոլա գնա այդ նաղդով։ Բայց մենք չենք ուզում յոլա գնալ, մենք հնարավորություն ունենք հիմա զարգանալու»։
Նրա խոսքով՝ Արևմուտքի հետ ինտեգրումը ոչ միայն հեռանկարային է, այլև բացում է նոր տեխնոլոգիաների, նոր շուկաների և ներդրումների հնարավորություններ, որոնք կարող են հիմք դառնալ Հայաստանի իրական զարգացման համար։ Սա, իր հերթին, կխթանի հայրենադարձությունը Ռուսաստանից, որտեղ հազարավոր հայեր այլևս ապագա չեն տեսնում։
Խուրշուդյանը նաև կարևորել է ներքին արդարադատության հաստատումը՝ պնդելով, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների քրեական հետապնդումը ոչ թե քաղաքական հալածանք է, այլ հասարակական պահանջի կատարում և ուշացած արդարադատություն։ «Բա պետք է արդարադատություն լինի՞ այս երկրում, թե՞ ոչ՝ վերջիվերջո։ Սա հասարակական պահանջ է, յուրաքանչյուրիս պահանջն է եղել միշտ»,- եզրափակել է նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

