Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը

Լուրեր

07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:48
«ՌԻԱ Նովոստի»-ի մոլորեցնող վերնագիրը․ ինչ է իրականում ասել Եվրահանձնաժողովի խոսնակը Հայաստանի վիզաների ազատականացման մասին
07.09.2026 | 19:32
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ
07.09.2026 | 19:15
Նիկոլ Փաշինյանը բացեց ՌԴ-ի ռազմաբազայի հեռացման հարցը, մի՛ ճնշեք պատժամիջոցներով, վարձավճարի հարց կբարձրացնենք․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
Բոլորը

Օգոստոսի 27-ին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանն Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ պնդել է, որ գյուղատնտեսության ոլորտում վերջին տասը տարիներին գյուղատնտեսության ցուցանիշները նվազել են։

«Գյուղատնտեսության ոլորտում գրանցվել են վերջին տասը տարիների ամենացածր ցուցանիշները, և, հետևաբար, շատ կարևոր է, որ այս իրավիճակը Հայաստանը դարձնում է ավելի խոցելի արտաքին շոկերի նկատմամբ»,- ասել է Իրինա Յոլյանը։

Ելույթի ընթացքում նա ընդգծել է, որ խնդրին պետք է գնահատական տալ ոչ միայն վիճակագրության, այլև մարդկանց կյանքում տեղի ունեցած փոփոխությունների տեսանկյունից։

«Մենք մեր նախընտրական քարոզարշավի ընթացքում, այցելելով տուն առ տուն բոլոր բնակավայրերը, պետք է արձանագրենք, որ չի եղել այդպիսի մի բնակավայր, որտեղ մեր հայրենակիցները նախարարության աջակցության կարիքի մասին չբարձրաձայնեն։ Հետևաբար՝ մենք ոչ թե պետք է առաջնորդվենք վիճակագրությամբ և թվերով, այլ պետք է առաջնորդվենք նրանով, թե ինչպես ենք փոխում մեր հայրենակիցների բարեկեցությունը»,- ասել է նա։

Քանի որ Յոլյանի նշած՝ տուն առ տուն այցերի տվյալները ստուգելն անհնար է, Factor TV-ն նրա հայտարարության համատեքստում ուսումնասիրել է գյուղատնտեսության ոլորտի վերջին տասը տարիների վիճակագրական ցուցանիշները՝ հասկանալու, թե պաշտոնական տվյալների համաձայն՝ ինչ փոփոխություններ են արձանագրվել տարբեր ուղղություններով։

Ուսումնասիրության շրջանակում դիտարկվել են 2016-2025 թվականների գյուղատնտեսության համախառն արտադրանքի, բուսաբուծության և անասնաբուծության ցուցանիշները, առանձին մշակաբույսերի բերքի ծավալները, կենդանիների գլխաքանակը, ինչպես նաև գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում։

2025-ին գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը տասնամյակի ամենաբարձր մակարդակում է 

Գյուղատնտեսության ընդհանուր պատկերը հասկանալու համար նախ դիտարկել ենք ոլորտի համախառն արտադրանքի արժեքային դինամիկան 2016–2025 թվականներին։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած այս տվյալները հաշվարկված են ընթացիկ գներով, հետևաբար դրանց փոփոխության վրա ազդում է ոչ միայն արտադրված ֆիզիկական ծավալը, այլև գների և գնաճի փոփոխությունը։ 

Տվյալները ցույց են տալիս, որ 2016–2017 թվականներին գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը մնացել է մոտ 0.91 տրլն դրամի մակարդակում, որից հետո սկսվել է էական անկման փուլ։ Դիտարկվող ժամանակահատվածի ամենացածր արժեքը գրանցվել է 2020 թվականին՝ շուրջ 0.82 տրլն դրամ։

2021 թվականից սկսված վերականգնման շնորհիվ 2022-ին արձանագրվել է 1.02 տրիլիոն դրամի աճ, որին հաջորդել է կարճատև նվազում (2023 թվականին՝ 0.95 տրիլիոն դրամ)։ Դրանից հետո ընդհանուր դինամիկան վերադարձել է աճի հուն՝ 2025 թվականին արձանագրելով ամբողջ ժամանակահատվածի առավելագույն ցուցանիշը՝ 1.06 տրիլիոն դրամ։ 

Ընդգծենք, որ սրանք ընթացիկ գներով հաշվարկներ են, և գնաճը սրանում ներառված չէ։

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ընթացիկ գներով արժեքային դինամիկան ցույց է տալիս, որ ոլորտում վերջին շրջանում ցուցանիշները աճի միտում ունեն։

2025թ․ հունվար-դեկտեմբերին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1 տրիլիոն 57 մլրդ դրամ։

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ցուցանիշի մեջ ներառված են բուսաբուծության և անասնաբուծության ոլորտները։

Բուսաբուծության ոլորտում ցուցանիշները աճում են

Բուսաբուծության ոլորտում ևս ընդհանուր դինամիկան մեծապես կրկնում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի միտումները։

2017 թվականից բուսաբուծության համախառն արտադրանքի արժեքը սկսել է նվազել և 2020 թվականին հասել դիտարկվող ժամանակահատվածի նվազագույն մակարդակին՝ կազմելով 383.3 մլրդ դրամ։ 2020–2021 թվականների ցուցանիշները դիտարկելիս պետք է հաշվի առնել նաև COVID-19 համավարակի և 44-օրյա պատերազմի հնարավոր ազդեցությունը, թեև միայն այս տվյալներով դրանց ուղիղ ազդեցությունը չափել հնարավոր չէ։

2021 թվականից հետո ոլորտում սկսվել է վերականգնում։ 2022 թվականին բուսաբուծության համախառն արտադրանքի արժեքը հասել է 518.7 մլրդ դրամի՝ վերադառնալով 2016 թվականի մակարդակին։ Սակայն արդեն 2023 թվականին ցուցանիշը կրկին նվազել է։

Հաջորդ երկու տարիներին պատկերը կրկին փոխվել է․ 2025 թվականին բուսաբուծության համախառն արտադրանքի արժեքը հասել է 539.9 մլրդ դրամի՝ գերազանցելով ինչպես 2023 թվականի, այնպես էլ 2016 թվականի ցուցանիշը։

Սակայն ընդհանուր արժեքային ցուցանիշը դեռ չի ցույց տալիս, թե ինչ է տեղի ունեցել առանձին մշակաբույսերի արտադրության հետ։ Այդ պատճառով ոլորտի ներսում փոփոխություններն ավելի մանրամասն հասկանալու համար համեմատել ենք 2016–2025 թվականներին ցորենի, կարտոֆիլի և խաղողի համախառն բերքի ֆիզիկական ծավալները։

Ցորենի համախառն բերքը կրճատվել է 2.6 անգամ

2016–2025 թվականներին Հայաստանում ցորենի համախառն բերքի դինամիկան աչքի է ընկել կտրուկ տատանումներով և ընդհանուր նվազման միտումով։

Ցորենի համախառն բերքի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2016 թվականին՝ 350.4 հազար տոննա։ 2017 թվականին արտադրության ծավալը գրեթե կրկնակի կրճատվել է՝ հասնելով 176.4 հազար տոննայի։ 2018 թվականին արձանագրված կարճատև աճից հետո ցուցանիշը կրկին նվազել է՝ 2021 թվականին հասնելով դիտարկվող ժամանակահատվածի նվազագույն մակարդակին՝ 97.2 հազար տոննայի։

Դրան հաջորդել է վերականգնման փուլը, որի ընթացքում 2023 թվականին ցորենի համախառն բերքի ծավալը հասել է 177.9 հազար տոննայի։ 2024 թվականին հերթական անկումից հետո, երբ ցուցանիշը կազմել է 120.3 հազար տոննա, 2025 թվականին ցորենի համախառն բերքը հասել է 132.7 հազար տոննայի՝ մնալով 2016 թվականի ռեկորդային մակարդակից շուրջ 2.6 անգամ ցածր։

Այսպիսով, ի տարբերություն գյուղատնտեսության և բուսաբուծության համախառն արտադրանքի աճի միտման՝ ցորենի համախառն բերքի ծավալները նվազել են։

Կարտոֆիլի համախառն բերքը 1.8 անգամ կրճատվել է
2016-2025 թվականներին կարտոֆիլի համախառն բերքի տարեկան ծավալը կրճատվել է շուրջ 43.5%-ով։

2024 և 2025 թվականներին գրանցվել են դիտարկվող ժամանակահատվածի ամենացածր ցուցանիշները՝ համապատասխանաբար 337.7 հազար և 342.4 հազար տոննա։

Ամենաբարձր ծավալը գրանցվել է 2016 թվականին՝ 606.3 հազար տոննա։ Դրան հաջորդած 2017-2019 թվականներին արտադրության ծավալները կտրուկ նվազել են։

2020 թվականին նկատվել է կարճատև վերականգնում, և ցուցանիշը հասել է 437.2 հազար տոննայի, որից հետո, սակայն, նվազման նոր փուլ է սկսվել։

Արդյունքում, թեև 2025 թվականին արտադրության ծավալը 2024 թվականի համեմատ աճել է 1.39%-ով, այն դեռևս շուրջ 1.8 անգամ ցածր է 2016 թվականի մակարդակից։

Խաղողի համախառն բերքի ցուցանիշն աճել է 36.8%-ով
Ի տարբերություն նախորդ մշակաբույսերի՝ խաղողի համախառն բերքի ծավալը 2016 թվականի համեմատ աճել է 36.8%-ով։

2016-2025 թվականներին Հայաստանում խաղողի համախառն բերքի ծավալները դրսևորել են ալիքաձև դինամիկա․ 2020 թվականին արձանագրվել է ռեկորդային աճ, որին հաջորդել է չորս տարվա շարունակական անկում, իսկ 2025 թվականին՝ կտրուկ վերականգնում։

2016 թվականին, խաղողի համախառն բերքը կազմել է 178.8 հազար տոննա։ 2020 թվականին արձանագրվել է դիտարկվող ողջ տասնամյակի ամենաբարձր ցուցանիշը՝ հասնելով 283.2 հազար տոննայի։

2021 թվականից սկսվել է բերքի ծավալների հետևողական նվազում, որը շարունակվել է չորս տարի անընդմեջ՝ 2024 թվականին հասնելով 195.8 հազար տոննայի։

2025 թվականին արձանագրվել է ցուցանիշի նշանակալի վերականգնում․ 2024 թվականի համեմատ բերքի ծավալն ավելացել է շուրջ 24.9%-ով՝ հասնելով 244.6 հազար տոննայի։ Սա 2020 թվականի պիկից հետո գրանցված ամենաբարձր արդյունքն է։

Անասնաբուծության արտադրանքը ավելացել է, իսկ խոշոր եղջերավորների գլխաքանակը կրճատվել

Անասնաբուծության արտադրանքի արժեքը 2025 թվականին 2016-ի համեմատ աճել է շուրջ 33%-ով՝ 388.8 մլրդ դրամից հասնելով 517.3 մլրդ դրամի։

Դիտարկվող տասը տարիների ընթացքում ցուցանիշը ընդհանուր առմամբ ունեցել է դրական արժեքային դինամիկա, թեև առանձին տարիներին արձանագրվել է նաև նվազում։

2016 թվականից հետո անասնաբուծության արտադրանքի արժեքն աճել է՝ 2018 թվականին հասնելով 477.9 մլրդ դրամի։ 2019-2020 թվականներին ցուցանիշը նվազել է՝ 2020 թվականին կազմելով 435.4 մլրդ դրամ, որից հետո կրկին աճի միտում է արձանագրվել։ 2025 թվականին անասնաբուծության արտադրանքի արժեքը հասել է դիտարկվող ժամանակահատվածի առավելագույն մակարդակին՝ 517.3 մլրդ դրամի։

Առանձին դիտարկել ենք նաև խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը, որը 2016-2025 թվականներին նվազել է 32.2%-ով։

2016 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 701 հազար՝ դիտարկվող տասնամյակի ամենաբարձր ցուցանիշը։

Անկումը շարունակվել է մինչև 2020 թվականը ներառյալ։ Ցուցանիշն աճել է միայն 2021 թվականին՝ հասնելով 613 հազար գլխի, սակայն դրանից հետո կրկին շարունակական անկում է արձանագրվել։ 2026 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը հասել է 468 հազարի։

Ոչխարների գլխաքանակը ևս նվազել է․ 2016-2025 թվականներին այն 747 հազարից հասել է 668 հազարի։ Այս ժամանակահատվածում ոչխարների գլխաքանակը նվազել է ավելի քան 10.5%-ով։

Այսպիսով, տասը տարվա ընթացքում կրճատվել է ինչպես խոշոր եղջերավոր կենդանիների, այնպես էլ ոչխարների գլխաքանակը։

ՀՆԱ-ում գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության մասնաբաժինը ևս 2016-2025 թվականներին նվազել է։

Այսպիսով, գյուղատնտեսության վերջին տասնամյակի վերաբերյալ վիճակագրական տվյալները միատարր պատկեր չեն ցույց տալիս։ Դրամային արտահայտությամբ ոլորտի համախառն արտադրանքը 2025 թվականին հասել է դիտարկվող ժամանակահատվածի ամենաբարձր մակարդակին, սակայն պետք է հաշվի առնել, որ այս հաշվարկում գնաճի ցուցանիշը ներառված չէ։

Միևնույն ժամանակ, դրա կողքին մի շարք առանցքային ֆիզիկական ցուցանիշներ էական անկում են արձանագրել։

2016 թվականի համեմատ զգալիորեն նվազել են ցորենի և կարտոֆիլի արտադրության ծավալները, կրճատվել է նաև խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը։ Միևնույն ժամանակ, խաղողի արտադրությունը վերականգնվել և գերազանցել է 2016 թվականի ցուցանիշը, իսկ անասնաբուծության արտադրանքի դրամային արժեքն աճել է։

Տվյալներն ավելի շատ վկայում են ոլորտում կառուցվածքային փոփոխությունների և առանձին ուղղությունների երկարաժամկետ թուլացման մասին։

Զուգահեռաբար նվազել է նաև գյուղատնտեսության հարաբերական կշիռը Հայաստանի տնտեսությունում։ Եթե 2016 թվականին գյուղատնտեսությունը, անտառային տնտեսությունն ու ձկնորսությունը ՀՆԱ-ի կառուցվածքում ունեցել են 16% մասնաբաժին, ապա 2025 թվականին այդ ցուցանիշը նվազել է մինչև մոտ 7.9%։

Մարիա Խաչատրյան