Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Մոսկվայի մարզի շենքերին, գրոհել Սոչիի նավահանգստի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
03.09.2026 | 13:50
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Մոսկվայի մարզի վրա։ Կուբինկայում և Պավլովսկի Պոսադում հարվածներ են հասցվել բնակելի շենքերին, հայտնել է նահանգապետ Անդրեյ Վորոբյովը, գրում է Meduza-ն։
Կուբինկայում՝ Նարո-Ֆոմինսկի խճուղում գտնվող բազմաբնակարան շենքի ութերորդ և իններորդ հարկերի հատվածում հրդեհ է բռնկվել։ Շենքից տարհանվել է 10 մարդ։ Վորոբյովի խոսքով՝ տուժածներ չկան։
Մերձմոսկովյան Կուբինկան, որը մտնում է Օդինցովոյի քաղաքային օկրուգի կազմի մեջ, հայտնի է նրանով, որ դրա հարևանությամբ գտնվում է «Պատրիոտ» զբոսայգին։ Կուբինկայում է գտնվում նաև ռազմական օդանավակայան, որտեղ տեղակայված են «Ռուսական քաջեր» և «Ստրիժի» ավիացիոն խմբերը։
Պավլովսկի Պոսադում՝ Մոսկվայի մարզի արևելքում գտնվող քաղաքում, անօդաչու թռչող սարքը հարվածել է Մայիսի 1-ի փողոցի բնակելի շենքին։ Մի քանի բնակարանների պատուհաններ կոտրվել են։ Բնակիչներին տարհանում են։
Բացի այդ՝ Բոգորոդսկի օկրուգում, որը հարևան է Պավլովո-Պոսադսկի օկրուգին, անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բոլշոյե Բունկովո գյուղում գտնվող գործարանի տարածքում, հայտնել է Վորոբյովը։ Թե խոսքը որ գործարանի մասին է, նա չի հստակեցրել։
Վորոբյովի խոսքով՝ գիշերվա ընթացքում Մոսկվայի մարզի երկնքում խոցվել է 56 անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի ուղղությամբ թռչող տասնյակ անօդաչուների մասին հայտնել է նաև քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Կեսգիշերից ի վեր խոցված անօդաչուների ընդհանուր թիվը կազմել է առնվազն 94։
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նաև Սոչիի ծովային նավահանգստի վրա։ Մոնիթորինգային տելեգրամ ալիքները հրապարակում են հրդեհի կադրերը։ Այլ մանրամասներ առայժմ չկան։ Կրասնոդարի երկրամասի նահանգապետը և Սոչիի քաղաքապետը հարձակման մասին չեն հայտնել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

