Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Գեղարքունիքի և Լոռու մարզերում բնապահպանական խախտումներ է հայտնաբերել երեք ընկերության գործունեության ընթացքում։ Մասնավորապես, Գեղարքունիքում երկու ընկերություն աշխատել է առանց անհրաժեշտ բնապահպանական թույլտվությունների, իսկ Լոռու մարզում գործող ընկերությունը Դեբեդ գետից ջրառ է իրականացրել և արտադրական կեղտաջրերը հեռացրել նույն գետ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ Երեք ընկերությունների գործունեությունը կասեցվել է, իսկ տնօրենների նկատմամբ նշանակվել են ընդհանուր 2 մլն 780 հազար դրամի վարչական տուգանքներ։
ԲԸՏՄ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Գեղարքունիքի և Լոռու մարզերում արձանագրել են բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումներ։
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում «ՄԵՐ ՔԱՐԵՐ» ՍՊԸ-ն ընդերքօգտագործման իրավունքով իրեն պատկանող «Մարտունու բազալտների հանքավայրում» օգտակար հանածոյի արդյունահանումն իրականացրել է առանց սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների առկայության։
Նույն մարզի Մարտունի համայնքի Երանոս բնակավայրի մերձակայքում գործող «ԷՄ ՋԻ ԷՄ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ն բետոնե շաղախի արտադրամասում բետոնախառնիչը շահագործել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության դրական եզրակացության և անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։
Լոռու մարզի Ալավերդի համայնքի Նեղուց բնակավայրում «ՍԹՈՒՆ ՔԱԹԻՆԳ» ՍՊԸ-ն քարի սղոցման, մշակման և հարդարման արտադրամասի շահագործման համար ջրառն ապահովել է Դեբեդ գետից և արտադրական կեղտաջրերը հեռացրել նույն գետ՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։
Տեսչական մարմնի Գեղարքունիքի, Լոռու տարածքային բաժինների պետերի որոշումներով բոլոր անօրինական գործունեությունները կասեցվել են։
Ընկերությունների տնօրենների նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 2.780.000դրամ»։

