Զուգահեռներ՝ Գագիկ Խաչատրյանի և Վարդան Ջհանգիրյանի գործերում․ ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ խախտվել է Ջհանգիրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը

Լուրեր

02.09.2026 | 16:43
Սյունիքում քննարկվել է TRIPP-ի իրականացումն ու դրա հնարավոր տնտեսական ազդեցությունը
02.09.2026 | 16:42
«Կիլիկիան» խոշոր պարտությամբ է մեկնարկել UEFA Regions’ Cup-ում
02.09.2026 | 16:35
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով 17 ցիստեռն վագոն
02.09.2026 | 16:29
Հայաստանի վերաբերյալ այսօրվա որոշումը հստակ ուղերձ է՝ տնտեսական հարկադրանքին բախվելիս ԵՄ-ն կարձագանքի․ Հելեն ՄաքԷնթի
02.09.2026 | 16:26
Գագիկ Խաչատրյանը հաշմանդամության կարգ ունի, 24 ժամից ավելի է՝ չի սնվել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 16:16
Դավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
02.09.2026 | 16:07
Գագիկ Խաչատրյանի փաստաբանների ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.09.2026 | 16:00
Ընկերությունը ապօրինի արդյունահանել է ավելի քան 7853 խմ լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6.6 մլն դրամի վնասը վերականգնվել է
02.09.2026 | 15:45
Կիևում ռուս ընդդիմադիրի դեմ մահափորձ է կանխվել․ Ուկրաինայի ԱԾ-ն մեղադրում է Ռուսաստանի ԱԴԾ-ին
02.09.2026 | 15:30
Զուգահեռներ՝ Գագիկ Խաչատրյանի և Վարդան Ջհանգիրյանի գործերում․ ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ խախտվել է Ջհանգիրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը
02.09.2026 | 15:23
ԵՄ-ն ազատականացնում է ՀՀ-ից արտահանման 80%-ը // ՄԻՊ-ը այցելել է Գագիկ Խաչատրյանին. ԼՈՒՐԵՐ
02.09.2026 | 15:20
ԱՄՆ-ից՝ դեղեր, Իրանից՝ վառելիք. ինչու է մեծանում Հայաստանի առևտրային դեֆիցիտը
02.09.2026 | 15:17
«Ռեալի» ֆուտբոլիստը զրկվել է վարորդական իրավունքից
02.09.2026 | 15:05
Զելենսկու՝ ՌԴ օդային տարածքի վտանգավորության մասին զգուշացումից հետո Մոսկվայից մի շարք չվերթներ են չեղարկվել, այդ թվում դեպի Երևան
02.09.2026 | 14:50
Գերմանիայում էլեկտրակայանի կարճ միացումը դիտարկվում է որպես կանխամտածված հարձակում
Բոլորը

ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին երեկ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալեցին ու անկողնուց պատգարակով տեղափոխեցին Քննչական կոմիտե։ Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման գործով մեղադրյալ նախկին նախարարին ձերբակալելու պահը պատկերող տեսանյութ էր տարածել փաստաբանական թիմը․ դրանում լսելի էր նրա պաշտպան Արամ Օրբելյանի ձայնը, դիմակավորված ԱԱԾ-ականներին զգուշացնում էր, որ նրանց կատարածը խոշտանգում է, և դիմակները նրանց չեն փրկելու։

Ձերբակալվելուց հետո Գագիկ Խաչատրյանը պատգարակով ներկայացվել է դատարան՝ կալանքի։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը նրան կալանավորելու որոշում է կայացրել։

Պաշտպանների պնդմամբ՝ 71-ամյա Խաչատրյանի մոտ դեռ 2015 թվականին ախտորոշվել է ողնաշարի ստենոզ, նրա պարանոցային հատվածում տեղադրված են հատուկ իմպլանտներ, իսկ նրան անհրաժեշտ անհետաձգելի վիրահատությունը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել, նրա հիվանդությունն անհամատեղելի է կալանքի հետ։ Պաշտանները խոսել էին նաև այն մասին, որ առավոտից ձերբակալված Խաչատրյանը մինչև երեկո անգամ սանհանգույցից օգտվելու հնարավորություն չի ունեցել։ 

Խաչատրյանի ձերբակալության շուրջ երեկվա զարգացումները հիշեցնում են «Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռով արձանագրված մի կարևոր սկզբունք․ ազատությունից զրկված կամ իրավապահների վերահսկողության ներքո գտնվող անձի առողջական վիճակի անտեսումը և նրա նկատմամբ կիրառվող անհամաչափ վերաբերմունքը կարող են հասնել Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի շեմին, այլ խոսքով խոշտանգման։

Վարդան Ջհանգիրյանի դեպքում ևս խոսքը ծանր առողջական խնդիրներ և շարժունակության սահմանափակումներ ունեցող անձի մասին էր, որի նկատմամբ ուժ էր կիրառվել, որը տեղափոխվել էր կալանավայր և դատարան, ինչպես նաև, առողջական վիճակի մասին բժշկական ցուցումների առկայության պայմաններում, պարտադրվել էր մասնակցել դատական նիստերին։

ՄԻԵԴ-ը հատկապես կարևորել էր այն հանգամանքը, որ պետությունը չէր կարող անտեսել անձի առողջական վիճակը՝ պարզապես նրան ազատությունից զրկելու կամ դատական վարույթի բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությանը հղում անելով։ Ջհանգիրյանի դեպքում դատարանը արձանագրել էր, որ նրա առողջական վիճակի պատճառով անհրաժեշտ էր լրացուցիչ խնամք, սակայն կալանավայրում այդ խնամքը փաստացի չէր ապահովվել։ ՄԻԵԴ-ը եզրակացրել էր, որ ծանր շարժունակության խնդիրներ ունեցող անձին կալանքի տակ պահելը՝ առանց նրա հիմնական առօրյա կարիքները հոգալու համար անհրաժեշտ միջոցների, կարող է հավասարազոր լինել անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։

Այս գործով դատավորը եղել է Մնացական Մարտիրոսյանը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ երկրի վճիռ կայացնելիս հազվադեպ է շեշտադրում  խախտումը թույլ տված դատավորի անունը, սակայն այս դեպքում վճռում պարբերաբար շեշտում է «դատավոր Մ․-ն»-ի մասին՝ արձանագրելով նրա անտարբեր վերաբերմունքը Ջհանգիրյանի առողջության նկատմամբ։

«Դիմումատուին պատճառել են ոչ միայն ֆիզիկական ցավ, ինչպես նա պնդում է, այլև հուզական տառապանք, ինչպես նաև առաջ են բերել հոգեկան ցավի և անզորության սաստիկ զգացումներ, որը կարող էր նվաստացուցիչ լինել նրա համար։ Դատարանը համարում է, որ այս զգացումների սաստկությունը գերազանցում է 3-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ ծանրության մակարդակը։ Հետևաբար, դատարանը գտնում է, որ դիմումատուն ենթարկվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի»,– արձանագրել է դատարանը։

Նշենք, որ ՄԻԵԴ վճռում մանրամասներ են առկա 2008-ին Ջհանգիրյանի նկատմամբ գործընթացների վերաբերյալ։ Ըստ վճռի՝ կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմումատու Վարդան Ջհանգիրյանը գործը քննող դատարան է տեղափոխվել ոստիկանության ստանդարտ մեքենայով, որտեղ կալանավորված անձինք նստում են 1 մ²  չափերով փակ խցում, փայտե նստարանին։

2008 թվականի հունիսի 16-ին կալանքից ազատվելուց հետո և մինչև 2008 թվականի սեպտեմբերի 9-ը դիմումատուն ընդհանրապես չի ներկայացել դատական լսումներին։ Այդ ժամանակահատվածում նա ստացել է կանոնավոր բուժում թե՛ հիվանդանոցում և թե՛ տանը, իսկ բժիշկները խորհուրդ են տվել մնալ անկողնում։ Դատական լսումներին ներկայանալու համար դիմումատուն պետք է քայլեր հենակներով։

2008 թվականի սեպտեմբերի 9-ին դիմումատուի առողջական վիճակը վատթարացել է, և նա հոսպիտալացվել է։

2008 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանի քրեական դատարանը դիմումատուին իրավաբանների կողմից ներկայացված միջնորդությամբ որոշել է կասեցնել դիմումատուի դատաքննությունն այն հիմքով, որ նրան հոսպիտալացրել են և անհրաժեշտ է երկարաժամկետ բուժում։ Այս առնչությամբ գործը քննող դատարանը որպես հիմք է ընդունել 2008 թվականի ապրիլի 7-ի փորձագիտական հանձնաժողովի արձանագրության տվյալները, ինչպես նաև հիվանդանոցից ստացված՝ դիմումատուի ընդունումը հաստատող գրությունը, որին անհրաժեշտ է երկարատև անկողնային ռեժիմով խնամք՝ բժշկական հսկողության ներքո, և ակտիվ շարժվել, այդ թվում՝ լսումներին ներկայանալ չկարողանալու հանգամանքը։

2008 թվականի հոկտեմբերի 2-ին Երևանի քրեական դատարանը որոշել է վերսկսել դատաքննությունն այն հիմքով, որ 2008 թվականի հոկտեմբերի 1-ին հիվանդանոցից ստացել է գրություն այն մասին, որ 2008 թվականի սեպտեմբերի 30-ին դիմումատուն դուրս է գրվել հիվանդանոցից՝ վիճակի որոշակի բարելավմամբ։

Այնուհետև գործը քննող դատարանը պարբերաբար նշանակել է դատական լսումներ։ Դիմումատուն չի ներկայացել որևէ լսման: Ըստ նրա՝ այդպես նրա առողջական վիճակը կվատանար։ 2008 թվականի հոկտեմբերի 9-ին նրան հարկադրել են ներկայանալու դատական լսմանը, քանի որ չներկայանալու դեպքում գործը քննող դատարանը կրկին կկայացներ նրա նկատմամբ նախնական կալանք կիրառելու որոշում։ Սակայն երբ նա հասել է դատարանի շենք, նրա ցավերը սաստկացել են. նրան հնարավոր էր տեղափոխել տուն շտապօգնություն կանչելուց հետո միայն, իսկ նրա ցավը մեղմելու համար կատարվել է ներարկում։

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո դիմումատուն անցել է ամբուլատոր բուժում Երևանի պոլիկլինիկաներից մեկում, որի բժիշկը պարբերաբար այցելել է նրան։

2008 թվականի հոկտեմբերի 20-ին Երևանի քրեական դատարանը հարցում է ուղարկել վերոնշյալ պոլիկլինիկայի վարչակազմ՝ փորձելով պարզել դիմումատուի առողջական վիճակը՝ դատական լսումներին նրա հետագա մասնակցությունը ապահովելու նպատակով։ 2008 թվականի հոկտեմբերի 28-ին պոլիկլինիկայի ղեկավարը, ի պատասխան վերոնշյալ հարցման, նշել է, որ դիմումատուն համարվում է երկրորդ կարգի հաշմանդամ և գտնվում է բժշկական հսկողության ներքո, որն իրականացվում է պոլիկլինիկայի բժիշկների կողմից։ 2008 թվականի հոկտեմբերի 27-ին բժշկական հանձնաժողովը գտել է, որ դիմումատուի մոտ առկա է Բեխտերևի հիվանդություն, այսինքն՝ անշարժացնող սպոնդիլոարթրիտ, այն գտնվում է զարգացման փուլում՝ ուղեկցվելով ողնուղեղային նյարդարմատի ցավային համախտանիշով։ Ավելին, դիմումատուի մոտ առկա է 8-րդ և 9-րդ կրծքային ողերի և ձախ թոքի ստորին հատվածի տուբերկուլյոզ՝ ուղեկցվելով շնչառական անբավարարությամբ և երկրորդային բնույթի միոկարդիոդիստրոֆիայով։ Նշանակվել է անկողնային ռեժիմ և համապատասխան բուժում։ Նաև նշվել է, որ դիմումատուի կողմից դատական լսումներին հետագայում ներկայանալու և մասնակցելու հարցը դուրս է պոլիկլինիկայի իրավասության շրջանակից։

2008 թվականի հոկտեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում դիմումատուի իրավաբանները ներկայացրել են մի քանի միջնորդություն՝ դիմումատուի առողջական վիճակի պատճառով դատաքննությունը կասեցնելու պահանջով, որոնք բոլորը մերժվել են գործը քննող դատարանի կողմից։

 2008 թվականի դեկտեմբերի 1-ին գործը քննող դատարանը կայացրել է դիմումատուի ներկայությունը հարկադրաբար ապահովելու մասին որոշում այն հիմքով, որ չի ներկայացել հոկտեմբերի 20-ի և 30-ի, նոյեմբերի 14-ի և դեկտեմբերի 1-ի դատական լսումներին։ Այդ օրվանից սկսած՝ մինչև յուրաքանչյուր դատական լսման սկիզբը ոստիկանությունը ժամանում էր դիմումատուի տուն՝ նրան դատարան տեղափոխելու համար։ Սակայն պոլիկլինիկայի բուժքույրը, որը խնամում էր դիմումատուին նրա տանը, չի թույլատրել դատաքննության նպատակով դիմումատուի տեղափոխումը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։

2009 թվականի փետրվարին դիմումատուի իրավաբանները Երևանի քրեական դատարան են ներկայացրել Գերմանիայում գտնվող կլինիկայից ստացված գրություն, համաձայն որի՝ դիմումատուն կարող է բուժում ստանալ այդ կլինիկայում համապատասխան բժշկական զննություններն իրականացվելուց հետո։ Այդ գրության հիման վրա իրավաբանները դիմել են դատարան՝ դիմումատուի խափանման միջոցը, այսինքն՝ չհեռանալու մասին ստորագրությունը (տե՛ս վերևում՝ 60-րդ պարբերությունը) վերացնելու և համապատասխան զննություններն անցնելու համար Գերմանիա նրա մեկնելը թույլատրելու խնդրանքով։

Գործը քննող դատարանը հրաժարվել է քննել խնդրագիրն այն հիմքով, որ չի կարող դա անել դիմումատուի բացակայությամբ։

 2009 թվականի փետրվարի 27-ին՝ մինչև այդ օրը նշանակված դատական լսումը, ոստիկաններն այցելել են դիմումատուի տուն և հարկադրել նրան ներկայանալ գործը քննող դատարան։ Քանի որ ոստիկանները նրա տեղափոխումը չէին ապահովել հիվանդների համար նախատեսված հատուկ փոխադրամիջոցով, դիմումատուին տեղափոխել են նրա հարազատների կողմից տրամադրված բազկաթոռով։ Այնուամենայնիվ, դատական լսումը չի կայացել այդ օրը, քանի որ դատախազը չէր ներկայացել, և դիմումատուն ստիպված է եղել վերադառնալ տուն։

2009 թվականի մարտի 1-ին դիմումատուի գործը Քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո ուղարկվել է Վարչական շրջանի դատարան (դատավոր Մ.-ն շարունակել է հանդես գալ որպես նախագահող դատավոր) հետագա քննության համար։

2009 թվականի մարտի 17-ին դիմումատուի իրավաբանները դիմել են չհեռանալու մասին ստորագրությունը վերացնելու խնդրագրով, որպեսզի նա կարողանա բուժում ստանալ արտերկրում։ Գործը քննող դատարանի կողմից այդ միջնորդության քննությունը դիմումատուի ներկայությամբ իրականացվելու հանգամանքը պնդելու դեպքում իրավաբանները պահանջել են լսման հետաձգում՝ նշելով, որ դիմումատուն պատրաստ է դիմանալ սուր ցավին և ներկայանալ դատարան, որպեսզի նրա բուժման հարցն ի վերջո լուծվի։ Գործը քննող դատարանը, չքննելով առաջին երկու խնդրագրերը, հետաձգել է լսումը մինչև դիմումատուն կտեղափոխվեր դատարան։ Միևնույն օրը նրա հարազատները մեծ դժվարությամբ տեղափոխել են դիմումատուին դատարան։ Սակայն դատաքննությունը սկսվելուն պես դատարանը հրաժարվել է քննել միջնորդությունը և անցում է կատարել դատախազի ճառը լսելուն։ Իրավաբաններն այնուհետև միջնորդություն են ներկայացրել՝ խնդրելով դատարանին թույլատրել դիմումատուի՝ արտերկիր մեկնումը առանց նրա խափանման միջոցը վերացնելու, որպեսզի նա այնտեղ անցնի բժշկական զննությունները։ Սակայն գործը քննող դատարանը մերժել է այդ միջնորդության քննությունը ևս։

2009 թվականի մարտի 27-ին դիմումատուի իրավաբանները ստիպված էին հանդես գալ ճառերով՝ նրա լուրջ առողջական խնդիրների և ողնաշարի ցավի պատճառով։ Ավելին, ժամանակ խնայելու համար իրավաբանները որոշել են ոչ թե հանդես գալ ճառերով, այլ ներկայացնել դրանք գրավոր։ Ճառերի հետ միաժամանակ նրա իրավաբանները պահանջել են խափանման միջոցի վերացում, որպեսզի դիմումատուն կարողանա բուժման նպատակով մեկնել արտերկիր։ Իր մեջքի ցավերի պատճառով դիմումատուն հրաժարվել է մինչև դատաքննության ավարտը վերջին խոսք հայտնելու իր իրավունքից։

2009 թվականի մարտի 31-ի իր դատավճռում Վարչական շրջանի դատարանը դիմումատուի խափանման միջոցը, այն է՝ չհեռանալու մասին ստորագրությունը, թողել է անփոփոխ, մինչև նրա նկատմամբ կայացված վճիռը դառնա վերջնական։

Վճռի դեմ ներկայացված իր բողոքում դիմումատուն Վերաքննիչ դատարանից պահանջել է վերացնել իր խափանման միջոցը, որպեսզի նա կարողանա բուժման նպատակով մեկնել արտերկիր։

2009 թվականի մայիսի 11-ին Վերաքննիչ դատարանը կայացրել է դիմումատուի բողոքը վարույթ ընդունելու և գործի քննություն նշանակելու մասին որոշում։ Նույն որոշմամբ Վերաքննիչ դատարանը վերացրել է դիմումատուի խափանման միջոցն այն հիմքով, որ դրանով նա զրկվում է բուժում ստանալու հնարավորությունից։ Այսպիսով, Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել 2008 թվականի ապրիլի 7-ի արձանագրության մեջ առկա եզրահանգումները և Գերմանիայում գտնվող կլինիկայից ստացված գրությունը, որում առաջարկվում էր բուժում։

Հիշեցնենք նաև, որ 2022 թվականին ՄԻԵԴ վճռի հիմքով դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել։ Factor TVգրել էր այն մասին, որ Բարձրագույն դատական խորհուրդը այնքան է ձգձգել այս գործի քննությունը, մինչև անցել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու օրենքով սահմանված ժամկետը։

 

Արաքս Մամուլյան