Ռոբերտ Քոչարյանին հանձնել են նրան ձերբակալելու նոր որոշում
Հասարակություն
26.08.2026 | 12:35
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռևս բժշկական կենտրոնում է։ Այն բանից հետո, երբ լրացել է նրա ձերբակալման 24 ժամը, իրավապահները նրան հանձնել են ձերբակալման նոր որոշում։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։ Ըստ այս որոշման՝ Քոչարյանը կրկին ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու համար։
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են իրականացրել Քոչարյաններին պատկանող մի քանի տասնյակ հասցեներում և ձերբակալել Ռոբերտ Քոչարյանին, նրա ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին ու այլ անձանց։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է, որ Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանները ձերբակալվել են՝ դատարան կալանքի տարվելու նպատակով: Այս ռեժիմով ձերբակալված անձը անազատության մեջ մնալ կարող է առավելագույնը 24 ժամ։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանը երեկ քննել ու բավարարել է Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, նա դատարան չի ներկայացվել։ Դեռևս Հակակոռուպցիոն կոմիտեում գտնվելու ընթացքում ինքնազգացողությունը վատացել է, և նա բժիշկների ցուցումով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ դատարան կալանքի տարվելու նպատակով ձերբակալված անձը անազատության մեջ կարող կարող է մնալ առավելագույնը 24 ժամ։ Սակայն եթե նրա ձերբակալման պահից առավելագույնը 12 ժամվա ընթացքում չի ներկայացվում դատարան, ապա պետք է ազատ արձակվի։ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է օգոստոսի 25-ի առավոտյան, ժամը 08։00-ի սահմաններում և 12 ժամ անց՝ երեկոյան 20։00-ի սահմաններում դեռևս դատարան ներկայացված չի եղել, ավելին՝ դեռևս ներկայացված չի եղել անգամ կալանքի միջնորդություն։
Այս տրամաբանությամբ Քոչարյանը դեռևս երեկ, ժամը 20։00-ի սահմաններում պետք է ազատ արձակվեր, սակայն վարույթն իրականացնող մարմինը նման որոշում չի կայացրել։
Հակակոռուպցիոն կոմիտեն, անդրադառնալով այն հարցին, թե ինչու Քոչարյանին կալանավորելու միջնորդություն չի ներկայացրել դատարան, պարզաբանում է տվել՝ նշելով, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորելու միջնորդությունը դատարան կներկայացնի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո։
Ստացվում է, որ Քոչարյանը 24 ժամ ձերբակալվածի կարգավիճակ է ունեցել, սակայն այն նպատակին, որի համար նա ձերբակալվել էր, հնարավոր չի եղել հասնել, այն է՝ դատարան չի ներկայացվել, որպեսզի քննվի նրան կալանավորելու միջնորդությունը, և այժմ վարույթ իրականացնող մարմինը կրկին նույն ռեժիմով, այն է դատարան կալանքի տանելու նպատակով ձերբակալել է նրան։
Մեզ հայտնի դարձավ նաև, որ այս պահին դեռևս Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը չի ներկայացվել դատարան։
Ինչ վերաբերում է գործով մյուս մեղադրյալներին, Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթով նախօրեին ձերբակալված 6 անձանցից 4-ի, այդ թվում՝ նախկին նախագահի որդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Մեղադրյալներից ևս մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։
Արաքս Մամուլյան

