Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Հասարակություն
25.08.2026 | 16:51
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։ Այս պահի դրությամբ միջնորդությունը դեռևս որևէ դատավորի չի մակագրվել։
Նշենք, որ թեև Ռոբերտ Քոչարյանը ևս ձերբակալվել է՝ կալանքի տարվելու նպատակով, այս պահին դեռևս Հակակոռուպցիոն կոմիտեն չի ներկայացրել նրան կալանավորելու միջնորդություն․ Քոչարյանի ինքնազգացողությունը Հակակոռուպցիոն կոմիտեում վատացել էր, և նա բժիշկների ցուցումով տեղափոխվել էր բժշկական հաստատություն։
Թե՛ Սեդրակ Քոչարյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը ձերբակավել են՝ դատարան ներկայացվելու համար։
Քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի համաձայն՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության հիմքով իրականացված ձերբակալումը չի կարող տևել 24 ժամից ավելի: Նշված հիմքով ձերբակալված մեղադրյալը պետք է դատարան տարվի ոչ ուշ, քան ձերբակալման պահից 12 ժամվա ընթացքում: Հակառակ դեպքում անձը պետք է ազատ արձակվի, իսկ եթե մեղադրյալը ձերբակալման պահից 24 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման:
Ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ձերբակալման պահից սկսած 12 ժամվա ընթացքում տարվի դատարան։ Իսկ եթե մինչև վաղն առավոտյան դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրած չլինի, ապա ձերբակալման 24 ժամը լրանալուց հետո նա պետք է ազատ արձակվի։
Արաքս Մամուլյան

